կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վրաստանի նախկին վարչապետը պահանջում է Սաակաշվիլիին բանտ տեղափոխել

Վրաստանի նախկին վարչապետը պահանջում է Սաակաշվիլիին բանտ տեղափոխել

Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիորգի Գախարիայի հիմնադրած «Վրաստանի համար» կուսակցությունը պահանջում է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վերադարձնել քրեակատարողական հիմնարկ, գրում է «Ալիք մեդիան»։

Վրաստանի խորհրդարանում կայացած ճեպազրույցում կուսակցության անդամ Միխեիլ Դաուշվիլին ասել է, որ դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած դատավարության ժամանակ Սաակաշվիլին «Վիվամեդ» կլինիկայի պալատից ուղիղ եթերով կուսակցական հավաք է անցկացրել, հանձնարարություններ է տվել, իր հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» վերամիավորման ծրագիր է ներկայացրել, իսկ դատավորը նրան չի ընդհատել։

Դաուշվիլին դատավորի վարքագիծը օրենսգրքի խախտում է գնահատում: Ընդդիմադիր կուսակցությունն իշխանությանը կոչ է անում դատարանին թույլ տալ արդարադատություն իրականացնել. «Դադարեցրեք Քրեական դատավարության օրենսգրքի սիստեմատիկ խախտումը և Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխեք քրեակատարողական հիմնարկ»:

Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն արձագանքել է Սաակաշվիլիին կլինիկայից տեղափոխելու կոչին. «Միխեիլ Սաակաշվիլին դիետա էր պահում, նա հիանալի վիճակում է, լավ տեսք ունի, հավանաբար՝ համապատասխան գերատեսչությունը որոշում (նրան բանտ տեղափոխելու մասին-խմբ.) կկայացնի»,- ասել է Կալաձեն։

Արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն Սաակաշվիլիի քրեակատարողական հիմնարկ հնարավոր վերադարձի մասին խոսել է նոյեմբերի 10-ին։ Նրա խոսքով, դրա համար անհրաժեշտ է բժիշկների համապատասխան եզրակացությունը։

  • Կիսվել: