երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
Վրաստանի նախկին վարչապետի կուսակցությունը պահանջում է քրեական գործ հարուցել խորհրդարանի խոսնակի դեմ

Վրաստանի նախկին վարչապետի կուսակցությունը պահանջում է քրեական գործ հարուցել խորհրդարանի խոսնակի դեմ

«Հանուն Վրաստանի» կուսակցությունը պահանջում է քրեական գործ հարուցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլու դեմ, որը խոստացել է «ժողովրդական պատասխան» ընդդիմությանը նախընտրական հանդիպումների ժամանակ, տեղեկացրել է NewsGeorgia-ն։

Հայտարարությունը դատախազություն է տվել կուսակցության առաջնորդներից Նաթիա Մեզվրիշվիլին։ Նա կարծում է, որ Պապուաշվիլու գործողությունները կրում են հանցագործության նշաններ, որոնք նախատեսված են Վրաստանի ՔՕ 239 հոդվածով (բռնության կոչեր)։ Օգոստոսի 21-ին, դիմումից երեք շաբաթ անց, Մեզվրիշվիլուն կանչել են քննչական գերատեսչություն։

«Հետաքննությունը սկսված էր, թեեւ (Պապուաշվիլու) հայտարարությունը պարունակում է հանցագործության նշաններ, եւ դատախազությունը պարտավոր էր քննություն սկսել։ Անգամ եթե ես չդիմեի, նրանք պետք է իրենք սկսեին (գործը)»,- ասել է Մեվզրիշվիլին լրագրողներին։

Նրա խոսքով՝ հարցաքննության փոխարեն իրեն առաջարկել են տեղեկություն տալ զրույցի ընթացքում։ Մեզվրիշվիլին կարծում է, որ դա անհրաժեշտ է քննիչներին, որպեսզի ձեւական պատրվակ գտնեն գործը մերժելու համար։

«Այդ անօրինական ընթացակարգն անհրաժեշտ է, որպեսզի արդարացնեն խորհրդարանի խոսնակին պաշտպանելը։ Բնականաբար, ես նրանց նման հնարավորություն չընձեռեցի։ Օրենքով ես կազմեցի աձանագրություն, որտեղ մեկ անգամ եւս ֆիքսեցի հետաքննություն սկսելու պահանջը եւ պատրաստակամություն հայտնեցի հարցաքննվելու հետաքննության շրջանակում։ Բնականաբար, արձանագրությունում ես չգրեցի, թե ինչ էին ցանկանում նրանք՝ ամրագրել տեղեկատվության տրամադրումից հրաժարումը»,- հայտնել է Մեզվրիշվիլին։

Հուլիսի 26-ին «Վրացական երազանքի» ճեպազրույցում Շալվա Պապուաշվիլին հայտնել էր, որ նախընտրական հանդիպումների ժամանակ բնակչությունը ընդդիմությունից պատասխան կպահանջի այն բանի համար, որ նրանք «մարդկանց զոհել են պատերազմի ժամանակ եւ մատնել մահի»։ Ընդդիմախոսները նրա խոսքերը գնահատել են որպես բռնության ազդարարում։

Օգոստոսի 5-ին կառավարող կուսակցության ակտիվիստները փորձել են խափանել «Հանուն Վրաստանիի» հանրահավաքը Բաթումում։ Նրանք վիրավորել են նախկին վարչապետ Գեորգի Գախարիային։

Օգոստոսի 11-ին անհայտ անձինք հարձակվել են «Ախալի» ընդդիմադիր կուսակցության համանախագահ Նիկա Մելիայի վրա, երբ նա բացում էր «Կոալիցիա հանուն փոփոխությունների» պլատֆորմի գրասենյակը իմերեթական Սամտրեդիա քաղաքում։

  • Կիսվել: