ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին

Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին

Տեխասում Հանրապետական կուսակցության համագումարի ընթացքում ներկաները ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին կոչ են արել 2028 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվել որպես Հանրապետական կուսակցության թեկնածու։

Ինչպես փոխանցում է  CNBC-ն, Վենսի ելույթի ժամանակ դահլիճում հնչել են «Ջեյ Դի՝ 48» վանկարկումները՝ ակնարկելով, որ նա կարող է դառնալ ԱՄՆ 48-րդ նախագահը։

Վենսն իր հերթին չի մեկնաբանել 2028 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը՝ ընդգծելով, որ այս պահին առաջնահերթությունը նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններն են։

«Մենք պետք է հոգ տանենք գործերի մասին այս նոյեմբերին։ Դրանից հետո կմտահոգվենք, թե ինչ կլինի հետագայում»,– հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս օգոստոսի սկզբին հայտարարել էր, որ Հանրապետական կուսակցության հաջորդ նախագահի թեկնածուի հարցը քննարկելու համար դեռ վաղ է։

«Այժմ շատ վաղ է այդ մասին մտածել»,– ասել էր Թրամփը՝ մեկնաբանելով ամերիկյան ԶԼՄ-ների հրապարակումները, որոնց համաձայն՝ ինքը Հանրապետական կուսակցության դոնորներին, իբր, կոչ էր արել պատրաստվել Վենսի թեկնածությանը աջակցելուն։

ԱՄՆ-ի հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2028 թվականի նոյեմբերին։

  • Կիսվել: