երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վաշինգտոնը զգուշացնում է Թեհրանին՝ չմիջամտել Իսրայելի ու «Համասի» հակամարտությանը

Վաշինգտոնը զգուշացնում է Թեհրանին՝ չմիջամտել Իսրայելի ու «Համասի» հակամարտությանը

Միացյալ Նահանգները շարունակում է հորդորել կողմերին երաշխավորել Իսրայելի ու «Համաս» խմբավորման միջև ծավալվող ռազմական գործողություններից փախչող խաղաղ բնակիչների անվտանգությունը: Ամերիկացի սենատորը զգուշացրել է Իրանին և Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահին»՝ չմիջամտել հակամարտությանը, գրում է Ամերիկայի ձայնը:

Իսրայելը հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ին «Համասի» ձեռնարկած մահաբեր հարձակմանն ի պատասխան՝ վճռական է՝ ամբողջովին վերացնել խմբավորումը:

Իսրայելական կողմը վերստին կոչ է արել պաղեստինցի խաղաղ բնակիչներին հեռանալ Գազայի հյուսիսային հատվածից:

«ABC»-ի հետ զրույցում Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, փոխգնդապետ Փիթեր Լերները հայտարարել է․ «Տեսնում ենք, որ մարդիկ, իրականում, տարհանվում են։ Կցանկանայինք, որպեսզի մարդասիրական կազմակերպություններն աջակցեն մարդկանց տարհանմանը և չանցնեն «Համասի» կողմը, որը հորդորում է մնալ մարդկանց»:

Ներկայում ավելի քան 1 միլիոն պաղեստինցի խաղաղ բնակիչներ փորձում են լքել հակամարտության գոտին: Նույն հեռուստաալիքի եթերում Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ Միացյալ Նահանգներն աշխատում է իր գործընկերների հետ՝ հոգալու տեղահանվածների մարդասիրական կարիքները․ «Կապի մեջ ենք մեր իսրայելցի գործընկերների և Միավորված ազգերի կազմակերպության հետ՝ օգնելու ապահովել սննդի, ջրի և դեղորայքի անհրաժեշտ մատակարարումները Գազայի բնակիչներին՝ այն պաղեստինցիներին, ովքեր կապ չունեն այդ հարձակումն իրականացրած բարբարոս ահաբեկիչների հետ»:

Իրավիճակը հանգիստ չէ նաև Իսրայելի հյուսիսային սահմանին, ուր անցած շաբաթվա ավարտին փոխհրաձգություն էր լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման հետ, որին, ինչպես հայտնի է, աջակցում է Իրանը։

ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, ով պատրաստվում է առաջիկա օրերին այցելել տարածաշրջան՝ դեմոկրատ ու հանրապետական սենատորների հետ, Թեհրանի և նրա դաշնակիցների հասցեին հանդես է եկել խիստ նախազգուշացմամբ․ «Եթե «Հեզբոլլահը», որը Իրանի արբանյակն է, լայնածավալ հարձակում սկսի Իսրայելի ուղղությամբ, այն կհամարեմ սպառնալիք Իսրայել պետության դեմ՝ էքզիստենցիալ բնույթի սպառնալիք։ Բանաձև կառաջարկեմ Միացյալ Նահանգների Սենատին, ըստ որի ԱՄՆ-ն իրավունք կստանա Իսրայելի հետ համատեղ ռազմական գործողություններ ձեռնարկել՝ հեռացնելու Իրանին նավթային բիզնեսից»:

Այդուհանդերձ, տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու նպատակով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթահ Ալ-Սիսիին: ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ, Մեթյու Միլլերի փոխանցմամբ, կողմերը ընդգծել են հակամարտությունից փախած պաղեստինցի խաղաղ բնակիչներին օգնություն տրամադրելու կարևորությունը։ Բլինքենը երկուշաբթի վերադարձել է Իսրայել՝ հետագա բանակցությունների համար:

  • Կիսվել: