կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ուկրաինայում խուզարկել են բարձրաստիճան պաշտոնյաների

Ուկրաինայում խուզարկել են բարձրաստիճան պաշտոնյաների

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի գործակալները խուզարկել են բարձրաստիճան պաշտոնյաների՝ հումանիտար օգնության յուրացման գործի շրջանակում, հայտնում է Украинская правда-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Աղբյուրների համաձայն՝ խուզարկվել են ագրարային քաղաքականության և սննդի նախարարի առաջին տեղակալ Տարաս Վիսոցկին, էկոնոմիկայի փոխնախարար Ալեքսանդր Գրիբանին և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ելենա Սիմոնենկոն»,- հաղորդում է պարբերականը։

Պարբերականի տվյալով՝ խուզարկություններն իրականացվել են հումանիտար օգնության բաշխման հետ կապված չարաշահումների հետաքննության շրջանակում։

Մարդասիրական օգնության հափշտակության գործում բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածության մասին հաղորդվել էր նաև օգոստոսի 30-ին: Ավելի քան 20 խուզարկություն է իրականացվել Կիևի հսկողության տակ գտնվող Զապորոժիե քաղաքի քաղաքային խորհրդի, ինչպես նաև շրջանային վարչակազմի շենքերում: Ըստ տեղեկության՝ առաքված 240 տոննա պարենային ապրանքներից բնակիչները ստացել են 10%-ից մի փոքր ավելի, հափշտակության գումարը կազմել է 322 մլն գրիվնա (8,7 մլն դոլար)։

  • Կիսվել: