շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուկրաինայում ռուսական զինուժի հարվածների հետևանքով չորս զոհ կա

Ուկրաինայում ռուսական զինուժի հարվածների հետևանքով չորս զոհ կա

Այս գիշերը և առավոտյան ռուսական հրթիռային հարձակումների հետևանքով չորս մարդ է զոհվել, առնվազն 38-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանությունը, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ զոհերի մեծ մասը եղել է Դնեպրոպետրովսկի մարզում, մասնավորապես՝ Նովոմոսկովսկ և Կրիվոյ Ռոգ քաղաքներում, այնտեղ մահացել է մեկ մարդ, վիրավորվել՝ 28 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։

Եվս երկու մարդ է մահացել Խմելնիցկիում, մեկը՝ Խարկովի մարզի Զմիև քաղաքում։

Ուկրաինայի իշխանությունների տվյալներով՝ զգալի վնաս է հասցվել բնակելի թաղամասերին ու կոմերցիոն օբյեկտներին։ Հաղորդվում է, որ հրետակոծության պատճառով վնասվել են էլեկտրացանցերը Դոնեցկի, Խարկովի և Խերսոնի շրջաններում, Դոնբասում ածխահանքի մեկ ձեռնարկություն հոսանքազրկվել է։

Բացի այդ՝ ՛՛Ուկրեներգո՛՛-ում նշվում է, որ ռուսների զանգվածային հրթիռային հարձակումը էներգահամակարգի համար կրիտիկական հետևանքներ չի ունեցել։

Իր հերթին Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի վրա գերճշգրիտ զենքի հարձակման մասին։ Մասնավորապես՝ խմբակային հարված է հասցվել բարձր ճշգրտության, հեռահար, ծովային և օդային զենքերով, այդ թվում՝ ՛՛Կինժալ՛՛ հիպերձայնային հրթիռային համակարգով։

  • Կիսվել: