Ուկրաինայից հայրենիք է վերադարձել Ռուսաստանի 15 քաղաքացի
Ուկրաինան այսօր Ռուսաստանին է փոխանցել 15 քաղաքացու, որոնք Բելառուսում միացել են իրենց ընտանիքներին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։
Նա նծել է, որ այսօր Ուկրաինայի իր պաշտոնակից Դմիտրի Լուբինեցի հետ հանդիպման օրակարգի գլխավոր հարցը Կուրսկի մարզի բնակիչների վերադարձն է:
«Օրակարգի թիվ մեկ հարցը Կուրսկի 12 բնակիչների վերադարձն է. մենք ամեն օր կապի մեջ ենք նրանց հարազատների և մտերիմների հետ»,-վստահեցրել է նա:
Մոսկալկովան նաև տեղեկացրել է, որ ուկրաինական ուժերի կողմից Խերսոնի մարզի գնդակոծման պատճառով հինգ մարդու չի հաջողվել տանել Բելառուս, որտեղ նրանց սպասում են ընտանիքները:
«Առայժմ չեն մեկնել Խերսոնի մարզի մեկ ընտանիքի անդամներ, քանի որ այնտեղ բարդ օպերատիվ իրավիճակ է: Մենք կխոսենք ուկրաինական կողմի հետ և կփորձենք «լռության ռեժիմի» հաստատմամբ ապահովել ընտանիքների վերամիավորումը»,-նշել է ՄԻ հանձնակատարը:


