ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ուկրաինայից գողացված ցորենով ռուսական դրոշով ղազախական նավը կալանվել է

Ուկրաինայից գողացված ցորենով ռուսական դրոշով ղազախական նավը կալանվել է

Թուրք մաքսավորները Կարասու քաղաքի նավահանգստում կալանել են ղազախական ընկերությանը պատկանող «Ժիբեկ Ժոլի» նավը, որը ռուսական զորքերի կողմից գրավված Բերդյանսկից 4,5-ից 7 հազար տոննա հացահատիկ էր տեղափոխում։ Այս մասին հայտնում է Vesti.ua-ն՝ հղում անելով Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարին։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ «Ժիբեկ Ժոլի» բեռնանավը պատկանում է ղազախական «KTZ Express Shipping» ընկերությանը, սակայն նավը վարձակալել է «Գրին Լայն» ՍՊԸ-ն, որը գտնվում է Սանկտ Պետերբուրգում։ Ներկայում նավը շարժվում է Ռուսաստանի դրոշի ներքո։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հուլիսի 1-ին հայտարարել է հացահատիկի արտահանման մասին։ Քանի որ Ռուսաստանի կողմից օկուպացված Բերդյանսկ նավահանգստից բեռնափոխադրումն իրականացվել է առանց ուկրաինական կողմի համաձայնության, Կիևն այս հացահատիկը համարում է գողացված։

Այդ կապակցությամբ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը դիմում է հղել Թուրքիայի արդարադատության նախարարություն Ժիբեկ Ժոլի նավը կալանավորելու խնդրանքով։

Իրավիճակը մեկնաբանել է նաև KTZ Express-ը։ Ըստ նրանց՝ նավատերը Green Line-ից երաշխիքներ ունի, որ պայմանագրի գործողության ընթացքում ռուսական ընկերությունը որեւէ պատժամիջոցների չի ենթարկվում։ Հակառակ դեպքում ղազախական կողմն իրավունք ունի անհապաղ խզել պայմանագիրը։

  • Կիսվել: