Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարն իրատեսական է համարում Ղրիմը վերադարձնելու իրենց ծրագիրը
Ուկրաինան ունի մշակված ծրագիր, «որն ապահովում է Ղրիմի շուտափույթ վերադարձը»: Այս մասին Guardian-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին:
«Այն իրատեսական է: Դա, իհարկե, ռազմական գաղտնիք է։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք 1991 թվականի միջազգայնորեն ճանաչված սահմաններին։ Մենք պետք է հաղթենք, որպեսզի ազատենք մեր քաղաքացիներին, որոնք տառապում են օկուպացված տարածքներում»,-նշել է նա:
Բացի այդ՝ Սիրսկին նաև արտերկրում ապրող բոլոր ուկրաինացիներին կոչ է արել վերադառնալ հայրենիք և պայքարել հաղթանակի համար:
Նա հույս է հայտնել, որ «հաղթանակից հետո այն քաղաքացիները, որոնք չեն մասնակցել պատերազմին, կկարողանան իրենց թոռներին պատասխանել, թե որտեղ էին գտնվում, երբ Ուկրաինայում թեժ մարտեր էին»: