Ուկրաինայի Նիկոպոլ քաղաքը ենթարկվել է հրետանային գնդակոծության. վիրավորների թվում յոթամյա երեխա կա
Այսօր ցերեկը Ուկրաինայի Նիկոպոլ քաղաքը հրետանային գնդակոծության է ենթարկվել, հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ գնդակոծության հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ 7-ամյա տղա:
Բացի այդ՝ վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, դեղատուն, քաղաքացիների ավտոմեքենաներ։
Իսկ Սումի քաղաքում մարտի 13-ին բազմաբնակարան շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, քանի որ փլատակներից հանել են ևս մեկ մարդու մարմին։
Ինչպես հաղորդվում է՝ ԱԹՍ-ի հարձակումից 14 մարդ է վիրավորվել։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։
Իր հերթին ռուսական կողմը հաղորդել է Բելգորոդի մարզի գնդակոծության մասին։ Բելգորոդում առավոտյան գնդակոծության հետևանքով, ըստ տեղի իշխանությունների, 1 մարդ է զոհվել, 6 մարդ՝ վիրավորվել։ Ցերեկը Բելգորոդի մարզը ևս մեկ անգամ գնդակոծության է ենթարկվել։ Զոհվել է 1 խաղաղ բնակչուհի, 3 մարդ վիրավորվել է։