ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դնեպրի բազմաբնակարան շենքի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, ռուսական կողմն էլ հայտնել է Դոնեցկի գնդակոծության մասին

Դնեպրի բազմաբնակարան շենքի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, ռուսական կողմն էլ հայտնել է Դոնեցկի գնդակոծության մասին

Ուկրաինայի Դնեպր քաղաքում ռուսական ուժերի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 35-ի: Նրանց թվում կա 2 երեխա: Այս մասին տեղեկանում ենք Ukrinform գործակալությունից:

Լրատվամիջոցը նշում է, որ բազմաբնակարան շենքի ևս 35 բնակիչ անհետ կորած է: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են գրեթե 40 ժամ: Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

Հունվարի 14-ին ռուսական հրթիռը հարվածել է Դնեպրի բազմաբնակարան շենքերից մեկին: Ավերվել է շենքի՝ 72 բնակարանից բաղկացած հատվածներից մեկը, որտեղ 200 մարդ էր բնակվում: Ավելի քան 300 բնակարան վնասվել է:

Ուկրաինայի իշխանությունները հայտնել են նաև, որ այսօր վաղ առավոտյան գնդակոծվել է Ուկրաինայի հարավում գտնվող Նիկոպոլ քաղաքը, իսկ գիշերը գնդակոծության է ենթարկվել Զապորոժիե քաղաքը, որի հետևանքով 3 մարդ է վիրավորվել:

Ռուսական ТАСС գործակալությունն էլ հաղորդում է, որ այսօր առավոտյան Ուկրաինայի զինված ուժերն արդեն երրորդ անգամ հարվածել են Դոնեցկին՝ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից արձակելով 10 հրթիռ: Ըստ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության՝ հարվածի տակ է հայտնվել քաղաքի եռահարկ առևտրի կենտրոնը. շենքը փլուզվել է: Փլատակների տակ կարող են մարդիկ լինել: Գործակալությունը նշում է, որ ըստ նախնական տվյալների՝ առնվազն 2 մարդ մահացել է, 4-ը՝ վիրավորվել: Դոնեցկի իշխանությունները հայտնել են նաև, որ գնդակոծության հետևանքով քաղաքում հոսանքազրկումներ են տեղի ունեցել:

Հունվարի 15-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր «ռազմական հատուկ գործողության» դրական դինամիկայի մասին՝ նշելով, որ ամեն ինչ ընթանում է՝ ըստ Պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պլանի:

  • Կիսվել: