Ուկրաինան զանգվածային գրոհ է իրականացրել Կրասնոդարի երկրամասի վրա. զոհերի թվում երեխա կա
Ուկրաինայի ԶՈւ-ն գիշերը զանգվածային հարձակում է իրականացրել ՌԴ Կրասնոդարի երկրամասի վրա, կան զոհեր և տուժածներ։ Այս մասին մարզպետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է տելեգրամյան ալիքում։
«Ամբողջ գիշեր Կրասնոդարի երկրամասը հետ է մղել Ուկրաինայի զինուժի մի քանի հարյուր անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումը։ Նովոռոսիյսկում, Անապայում, Գելենջիկում և Տեմրյուկի շրջանում հերթական անգամ Կիևի ռեժիմի հարվածի տակ են հայտնվել քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչների տները։ Ցավոք, այս անմարդկային և հանցավոր հարվածների հետևանքով կան զոհեր և տուժածներ, այդ թվում՝ երեխաներ»,- նշել է տարածաշրջանի ղեկավարը։
Կոնդրատևի տվյալներով՝ Նովոռոսիյսկում ութ տարեկան երեխա է զոհվել։
«Խորին ցավակցություն եմ հայտնում ծնողներին։ Նովոռոսիյսկի ղեկավար Անդրեյ Կրավչենկոյին հանձնարարել եմ անհրաժեշտ օգնություն ցուցաբերել նրա հարազատներին»,-գրել է մարզպետը։
Բացի այդ, վիրավորվել է 8 մարդ, որոնց թվում՝ մեկ երեխա։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։
Այս պահին հայտնի է, որ ԱԹՍ–ի բեկորներն ընկել են 21 բնակելի տան (այդ թվում՝ բազմաբնակարան շենքի) և չորս ձեռնարկության վրա։ Տեղում աշխատում են օպերատիվ և հատուկ ծառայությունները։ ԱԹՍ-ների հարձակման հետևանքների գնահատմամբ կզբաղվի համայնքային հանձնաժողովը։ Բացվել են ժամանակավոր տեղավորման կետեր, որտեղ այս պահին մոտ 90 մարդ կա։
«Տեմրյուկի շրջանի Վոլնա ավանում ԱԹՍ-ի բեկորներն ընկել են առանձնատան բակում։ Տուժել է մեկ մարդ։ Բժիշկները հնարավոր ամեն բան արել են, սակայն, ցավոք, տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել»,-հայտնել է Կոնդրատևը։
Անապայում ԱԹՍ-ի բեկորները բնակելի տուն են վնասել, տուժել է երկու մարդ։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն՝ առանց հոսպիտալացման։
Գելենջիկում վնասվել է երեք առանձնատուն, տուժել է երկու մարդ։ Տարածաշրջանի ղեկավարի խոսքով՝ նրանց տեղափոխել են բժշկական հաստատություն։



