Ուկրաինան ու Լեհաստանն անվտանգության համաձայնագիր են ստորագրել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հանդիպել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ, տեղեկացնում է Polsat հեռուստաալիքը։
Նշվում է, որ կողմերն անվտանգության համաձայնագիր են ստորագրել:
Այս առնչությմաբ Լեհաստանի կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Ես հստակ արտահայտվեցի. մենք կօգնենք, քանի որ ձեր անվտանգությունը մեր անվտանգությունն է։ Բայց մենք չենք ձեռնարկի այնպիսի քայլ, որը կթուլացնի մեր սեփական անվտանգությունն ու հնարավորությունները։ Այստեղ խոսքը և՛ կործանիչների, և՛ սպառազինության մասին է, որը պետք է և՛ Լեհաստանին, և՛ Ուկրաինային:
Վարշավան այսօր չի կարող ՄիԳ-եր փոխանցել Կիևին, քանի որ նրանք մասնակցում են Լեհաստանի երկնքում պարեկությանը ՆԱՏՕ-ի օդային ոստիկանության ծրագրի շրջանակներում: Բայց մենք որոշեցինք, որ հենց որ դաշինքը մեզ թույլ տա դրանք փոխարինել այլ ինքնաթիռներով, ես կհամոզեմ լեհական հրամանատարությանը կայացնել այդ որոշումը»:
Նա նաև նշել է, որ նման նախաձեռնությունը «չի կարող իրականացվել Լեհաստանի անվտանգության համար կորուստներով»։