հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Ուկրաինան պաշտոնապես խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Նիկարագուայի հետ

Ուկրաինան պաշտոնապես խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Նիկարագուայի հետ

Ուկրաինան պաշտոնապես խզել է դիվանագիտական ​​հարաբերությունները Նիկարագուայի Հանրապետության հետ: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։

Նրա խոսքով՝ այդ որոշումն ընդունվել է ի պատասխան «Նիկարագուայի կողմից Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի, Խերսոնի մարզերի և Ղրիմի ժամանակավորապես օկուպացված ուկրաինական տարածքների նկատմամբ Ռուսաստանի այսպես կոչված «ինքնիշխանության» ճանաչման»։

«Մենք այդ որոշումը դիտարկում ենք որպես Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու միտումնավոր փորձ, Ուկրաինայի Սահմանադրության, ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի ու սկզբունքների կոպիտ խախտում»,-նշել է Սիբիգան:

Նա հավելել է, որ քաղաքականապես համախմբվելով ագրեսոր պետության հետ, ձգտելով օրինականացնել ուկրաինական հողերի բռնի զավթումը և Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմում այսպես կոչված «պատվավոր հյուպատոսություն» բացելով՝ Նիկարագուան դարձել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հանցակիցը։

«Նիկարագուայի կողմից ռուսական օկուպացիայի «ճանաչումն» իրավաբանորեն առոչինչ է։ Այն չի հանգեցնում և երբեք չի հանգեցնի Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության։ Ուկրաինան կշարունակի վճռականորեն արձագանքել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու ցանկացած փորձի»,-գրել է Ուկրաինայի ԱԳ նախարարը:

  • Կիսվել: