Ուկրաինան Մոսկվայի մերձակայքում խոշոր նավթամուղ է պայթեցրել
Ուկրաինական ուժերը Մոսկվայի մարզում պայթեցրել են խոշոր նավթատար, որն օգտագործվում էր ռուսական բանակին վառելիք մատակարարելու համար:
Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությանից հայտնել են, որ միաժամանակ պայթեցվել են «Օղակաձև» նավթամուղի երեք ճյուղերը, որոնցով ռուսական բանակին է մատակարարվել բենզին, դիզելային և ավիացիոն վառելիք:
Ըստ Գլխավոր հետախուզական վարչության տարածած հաղորդագրության՝ «Ռուսաստանի վրա հերթական հաջող գործողությունը լուրջ հարված է ագրեսոր պետության ռազմական հնարավորություններին, ինչպես նաև նրա տնտեսությանը, մասնավորապես՝ Մոսկվայի շրջանում»:
Բացի դրանից՝ հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ «Օղակաձև» նավթամուղի երկարությունը 400 կմ է, այն տարեկան մղում էր մինչև 3 միլիոն տոննա ավիացիոն վառելիք, մինչև 2,8 միլիոն տոննա դիզելային վառելիք և մինչև 1,6 միլիոն տոննա բենզին:
Իր հերթին Ուկրաինայի անվտանգության ծառայություն ղեկավար Վասիլ Մալյուկը հայտնել է, որ 2025 թվականի սկզբից ուկրաինական ուժերը մոտ 160 արդյունավետ հարված են հասցրել Ռուսաստանի նավթի արդյունահանման և վերամշակման օբյեկտներին։
Նա ճշտել է, որ սեպտեմբերին և հոկտեմբերին հարված է հասցվել 20 օբյեկտի, այդ թվում՝ նավթավերամշակման վեց գործարանի, երկու նավթային տերմինալի, երեք նավթաբազայի և ինը նավթի պոմպակայանի։


