Ուկրաինան միջամտում է Հունգարիայի ընտրություններին. Օրբանը՝ Ռուբիոյին
Ուկրաինան միջամտում է Հունգարիայի ընտրություններին և ֆինանսավորում «Ֆիդես» կուսակցության հակառակորդներին: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, տեղեկացնում է «Европейская правда»-ն։
Նշվում է, որ Օրբանը հայտարարել է, որ ուկրաինացիների համար միևնույն չեն ընտրությունների արդյունքները, «այդ պատճառով էլ որոշել են մասնակցել քարոզարշավին»։
«Մենք հենվում ենք առողջ բանականության վրա, ուստի սա չպետք է մեզ զարմացնի։ Ուկրաինայի նախագահը և Ուկրաինան ակտիվ մասնակիցներ կլինեն այս ընտրություններին, և մենք պետք է հաղթենք նրանց»,-ասել է նա։
Հունգարիայի վարչապետը հավելել է, որ ուկրաինացիները «մասնակցում են քարոզարշավին իրենց ամբողջ ուժով և զենքով․ «Մենք գիտենք, որ նրանք ֆինանսավորում են մեր հակառակորդներին, և մենք գիտենք, թե ինչպես է դա տեղի ունենում»։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Հունգարիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Բուդապեշտում Ուկրաինայի դեսպանին հանդիպման՝ կապված Կիևի կողմից երկրի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա ընդդիմադիր «Տիսա» կուսակցության օգտին ազդելու ենթադրյալ փորձերի հետ։
Նշենք նաև, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ աջակցել է Օրբանին ապրիլի 12-ի խորհրդարանական ընտրություններից առաջ։


