Ուկրաինան կրկին հարվածել է Կրասնոդարի երկրամասի նավթավերամշակման գործարանին
Սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա։ Հարվածի տակ է հայտնվել Աֆիպի նավթավերամշակման գործարանը, հայտնել է Կուբանի տարածաշրջանային աշխատանքային խումբը։
Մասնավորապես նշվել է, որ անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են բլոկներից մեկի վրա։ Ոչ ոք չի տուժել։ Հրդեհ է բռնկվել 30 քառակուսի մետր տարածքում, որն արդեն մարվել է:
Նշենք, որ Աֆիպի նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի հարավում խոշորագույններից մեկն է: Դրա հզորությունը կազմում է տարեկան 9,1 միլիոն տոննա նավթ, ձեռնարկությունն ունի երկու առաջնային վերամշակման կայան։
Օգոստոսի սկզբից Ուկրաինան թիրախավորում է Ռուսաստանի նավթավերամշակող ձեռնարկությունները՝ մասամբ կամ ամբողջությամբ շարքից հանելով առնվազն հինգ խոշոր գործարան։ Reuters-ի տվյալով՝ ռուսական հզորությունները կրճատվել են 17 տոկոսով՝ հասնելով օրական մինչև 1,1 մլն բարելի։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածներին: Զելենսկու հետ հանդիպումից հետո Թրամփը խոսել է Ռուսաստանում վառելիքի ճգնաժամի և «տնտեսության հետ կապված լուրջ խնդիրների» մասին։


