հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ուկրաինան և Թուրքիան հետպատերազմյան վերականգնման մասին հուշագիր են ստորագրել

Ուկրաինան և Թուրքիան հետպատերազմյան վերականգնման մասին հուշագիր են ստորագրել

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ Լվովում հուշագիր է ստորագրվել, որը նախատեսում է Թուրքիայի մասնակցությունն Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը:

Փաստաթուղթը ստորագրել են Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը և Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը:

«Թուրքիան մեր ռազմավարական դաշնակիցն է։ Մենք շնորհակալ ենք թուրք գործընկերներին Ռուսաստանի ավերած ենթակառուցվածքների վերականգնման գործում համագործակցելու պատրաստակամության համար»,- ասել է Կուբրակովը։

Որպես առաջին նախագիծ դիտարկվում է Կիևի մարզի Ռոմանովկայի կամրջի վերականգնումը, որը Բուչա և Իրպեն քաղաքները կապում է մայրաքաղաքին:

Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ նշվում է, որ մոտ ժամանակներս կստեղծվի վերականգնման հարցերով ուկրաինա-թուրքական համատեղ աշխատանքային խումբ, որի շրջանակներում կմշակվեն կոնկրետ նախագծերում թուրքական ներդրումների ներգրավման մեխանիզմները:

Զելենսկին Telegram-ի իր ալիքում նաև ասել է, որ Էրդողանի հետ քննարկել է հացահատիկի գործարքը, Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպես նաև երկու երկրների միջև ռազմական համագործակցության հարցեր։ Նա Ուկրաինայի նախագահի այցը Թուրքիա անվանել է աջակցության հզոր ազդանշան, ինչպես նաև ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցության ընդլայնումը կամրապնդի նրանց վիճակը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ զրույցում Զելենսկին ասել է, որ կազմակերպությունը պետք է ապահովի Զապորոժիեի ատոմակայանի անվտանգությունը, ապառազմականացումը և ամբողջական ազատագրումը ռուսական զորքերից։

Ավելի վաղ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը առաջարկել էր, որ Թուրքիայի ղեկավարը և ՄԱԿ-ի ղեկավարը կարող են փորձել համոզել ուկրաինական պետության ղեկավարին համաձայնել դիվանագիտական կարգավորմանը և հրաժարվել ռուսական զորքերի հսկողության տակ գտնվող տարածքները վերադարձնելու փորձերից։ Նրա կարծիքով՝ Զելենսկին կհրաժարվի նման բանակցությունների ցանկացած նախաձեռնությունից։

  • Կիսվել: