Ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակներում տարածքային հարցը քննարկվում է տարբեր ձևաչափերով. ՌԴ ԱԳՆ
Ուկրաինական հակամարտության կարգավորման շրջանակներում տարածքային հարցը քննարկվում է տարբեր ձևաչափերով, և Ռուսաստանի նախագահը այն քննարկել է նաև այլ ղեկավարների հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունների՝ Ռուսաստանի պայմանները ներառու՞մ են ճկունություն, օրինակ՝ տարածքային հարցերի վերաբերյալ։
Խոսքը Դոնբասի տարածքների մասին է, որոնք դեռևս վերահսկվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մասին։
Այս առնչությամբ Լավրովը, մասնավորապես, ասել է. «Այս ամենը քննարկվում է տարբեր ձևաչափերով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարբերաբար անդրադարձել է այս հարցին՝ պատասխանելով լրագրողների հարցերին, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և բոլոր նրանց հետ հանդիպումների ժամանակ, ովքեր հետաքրքրված են Ռուսաստանի դիրքորոշումն ավելի լավ հասկանալու հարցով։ Նրանք միշտ հնարավորություն ունեն գալ և քննարկել իրենց շահերը»:


