երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուկրաինական բանակը մեկ տարում 13 մլն միավոր զենք և տեխնիկա է ստացել. ԶԼՄ–ներ

Ուկրաինական բանակը մեկ տարում 13 մլն միավոր զենք և տեխնիկա է ստացել. ԶԼՄ–ներ

Մեկ տարվա ընթացքում ուկրաինական բանակի համար ավելի քան 13 միլիոն միավոր զենք և ռազմական տեխնիկա է ձեռք բերվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի զեկույցը, որը հայտնվել է ԶԼՄ-ների տրամադրության տակ:
 
Ըստ առկա տեղեկությունների` փոխանցված սպառազինության շարքում նաև ուկրաինական արտադրության նմուշներ կան, մասնավորապես` «Նեպտուն» առափնյա հրթիռային համալիր, «Կորսար» և «Սկիֆ» հակատանկային հրթիռային համալիրներ, «Աիստ-100», Ա1-ՍՄ «Ֆուրիա», Windhover, Pd-2, ACS-3 անօդաչու ավիացիոն համալիրներ, արդիականացված ՄիԳ-29ՄՈւ1 ինքնաթիռներ և Մի-8-ՄՍԲ-Վ ուղղաթիռներ, «Մալախիտ» ռադիոտեղորոշիչ կայաններ։
 
Բացի այդ, զինվորականները ստացել են Alligator և T-Rex խոշոր տրամաչափի հրացաններ, 30 մմ-անոց ԿԲԱ-117-02 ավտոմատ հենակային նռնականետ, արդիականացված հրթիռներ, կառավարվող հակատանկային հրթիռներ, չկառավարվող ավիացիոն հրթիռներ, ձեռքի ջերմային և ծխային նռնակներ, տանկերի դինամիկ պաշտպանության տարրեր, կրիպտոգրաֆիկ պաշտպանության միջոցներ, զրահապատ մեքենաներ և այլն։
 
Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտնել էր, որ գործարկվել է Ուկրաինայում զենքի մատակարարման և օգտագործման հաշվառման երեք մակարդակ` LOGFAS (Logistic Functional Area Services) ծրագիրը, ռազմական տեխնիկայի հաշվառման և լոգիստիկայի նոր «Կարավայ» ծրագիրը և «ՍՈՏԱ» ծրագրի վրա հիմնված մոդուլը: Ուկրաինայի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն` գործընկեր երկրներից մատակարարվող զենքի մոնիտորինգի «ՍՈՏԱ» մոդուլը գործողության մեջ է դրվել փետրվարի 24-ին և թույլ է տալիս վերահսկել սպառազինության նոր մատակարարումները:

  • Կիսվել: