երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ուկրաինացիները կանգնել են էներգետիկ ճգնաժամի առաջ, ռազմական գործողությունները շարունակվում են

Ուկրաինացիները կանգնել են էներգետիկ ճգնաժամի առաջ, ռազմական գործողությունները շարունակվում են

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում հայտնել է, որ Կիևի մարզում, Սումիի, Օդեսայի մարզերում և երկրի մի շարք քաղաքներում և շրջաններում հոսանքի մատակարարումների հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել: Զելենսկին երկրի բնակիչներին կոչ է արել խնայել էլեկտրաէներգիան:

Իր հերթին «Ուկրէներգո» ազգային էներգետիկ ընկերությունը հայտարարել է, որ երեքշաբթի օրը էլեկտրական հոսանքի պլանային անջատումներ կլինեն երկրի բոլոր շրջաններում: Ընկերությունը հավելել է, որ հրթիռային հարվածներից հետո երկրի էներգահամակարգը չի կարող աշխատել ամբողջական հզորությամբ:

Ինչպես հաղորդում է The Guardian պարբերականը, «Ուկրաինան Խերսոնի և Նիկոլաևի շրջանների ազատագրված տարածքներից պետք է տարհանի բնակիչներին, քանի որ ենթակառուցվածքներին հասցված վնասները թույլ չեն տա, որ մարդիկ դիմակայեն ձմռանը»:

Ռուսաստանի իշխանությունները հոկտեմբերի առաջին կեսին հայտարարեցին, որ սկսում են զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին: Դրա պատճառը Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյուններն էին, որոնց համար Մոսկվան մեղադրում է ուկրաինական հատուկ ծառայություններին: Կիևը հերքում է մեղադրանքները պայթյուններին իր առնչության մասին:

Միևնույն ժամանակ շարունակվում են ռազմական գործողությունները: Ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի առավոտյան տեղեկագրի՝ Ուկրաինայի զինված ուժերը Լուգանսկի և Դոնեցկի մարզերում հետ են մղել ռուսական հարձակումները: Բացի այդ հաղորդվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռուսական ուժերը 9 ավիահարված և 7 հրթիռային հարված են հասցրել տարբեր ենթակառուցվածքների, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից 50 անգամ գնդակոծել են տարբեր օբյեկտներ:

Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սու-25 գրոհայինները ցածր բարձրությունից հարվածներ են հասցրել Ուկրաինական ռազմական օբյեկտներին և տեխնիկային:

Ռուսական կողմը նաև հաղորդում է Ուկրաինայի զինուժի հարվածների մասին: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից հայտնել են, որ Յասինովատայա բնակավայրը գնդակոծության հետևանքով հոսանքազրկվել է: ՏԱՍՍ գործակալությունը փոխանցում է, որ վերջին մեկ օրում Ուկրաինական զինուժը 65 անգամ գնդակոծել է ԴԺՀ-ի բնակավայրերը: Ըստ ռուսական կողմի՝ ուկրաինական հարվածներից 2 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել:

Հիշեցնենք՝ Ուկրաինայում ռազմական գործողությունները շարունակվում են գրեթե 9 ամիս:

  • Կիսվել: