երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքիայում «իրանական լրտեսական ցանց» են բացահայտել. ադրբեջանցիներ են ձերբակալվել

Թուրքիայում «իրանական լրտեսական ցանց» են բացահայտել. ադրբեջանցիներ են ձերբակալվել

Թուրքիայի հետախուզական ծառայությունները հայտարարել են ենթադրյալ «իրանական լրտեսական ցանցի» բացահայտման մասին։ Ձերբակալվածների թվում նաև ադրբեջանցիներ կան։ Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, Ստամբուլի օդանավակայանում իրականացված գործողության ընթացքում ուժայիններն առգրավել են տվյալների բազա, որը պարունակում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության շուրջ 10 հազար անդամների անուններ։
 
Ահաբեկիչների մասին կենսագրական տվյալներով բազայի գոյության մասին հայտնի է եղել մի շարք հատուկ ծառայությունների` Կենտրոնական հետախուզական վարչությունից մինչև բրիտանական ՄԻ–6 և իսրայելական «Մոսադ»։
 
Իրավապահները ԻՊ–ի հետ կապված լրտեսական օբյեկտների գաղտնալսման ընթացքում իմացել են առաջիկայում տվյալների փոխանակման մասին։ Նշվում է, որ տվյալների բազա ունեցող ահաբեկչական կազմակերպության անդամները պայմանավորվել են այն 9 մլն դոլարով վաճառել 5 տղամարդու` չկասկածելով իրանական հետախուզության հետ նրանց կապի մասին։ «Գնորդների» շրջանում նաև 2 ադրբեջանցի է եղել` Սեյմուր Ռզաևը, որը ծնվել է Իրանում, բայց Ադրբեջանի քաղաքացի է, և Հիքմեթ Ալիևը, որն Իրանի քաղաքացի է, ղեկավարում է մի ընկերություն, որը զբաղվում է Թուրքիայի և թյուրքական երկրների միջև բեռնափոխադրումներով։
 
Նշենք, որ վերջին ամիսներին Ադրբեջանում պարբերաբար հայտարարում են հերթական «լրտեսական ցանցի» բացահայտման մասին, որոնք իբր կառավարվում են Իրանի կողմից։

  • Կիսվել: