երեքշաբթի, հունիս 23
23 / 6 / 2026
Թուրքիայի ՊՆ-ն՝ ԱՄՆ-Իրան լարվածության մասին

Թուրքիայի ՊՆ-ն՝ ԱՄՆ-Իրան լարվածության մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հարաբերություններում սրվող լարվածության պայմաններում երկրի սահմանների անվտանգությունը ապահովվում է բարձր մակարդակով: Եվ համապատասխան բոլոր միջոցները ձեռնարկվել են պետական մարմինների համակարգմամբ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Անկարան չի ցանկանում նոր բախումներ տարածաշրջանում և շարունակում է ջանքերը՝ խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ՝ միաժամանակ պատրաստ լինելով հնարավոր բացասական զարգացումներին, գրում է ermenihaber.am-ը:

Իսկ նախարարության խոսնակ Զեքի Աքթյուրքը ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ Թուրքիայի զինված ուժերը վերջին մեկ շաբաթում շարունակել են հակաահաբեկչական գործողությունները սահմանների ներսում և դրանցից դուրս։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում ևս 4 PKK-ական զինյլա (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հանձնվել է, իսկ Սիրիայի գործողությունների գոտում ոչնչացված թունելների ընդհանուր երկարությունը հասել է 753 կմ-ի։ Սահմանային հսկողության շրջանակում ձերբակալվել է 173 անձ և կանխվել են սահմանը ապօրինի հատելու փորձեր։

Թուրքիայի ՊՆ-ն նաև անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին՝ նշելով, որ Դամասկոսի և Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDG) միջև ձեռք բերված հրադադարի խախտումները բացասաբար են ազդում ինտեգրման գործընթացի վրա։ Ըստ հայտարարության՝ «SDG»-ն չի պահպանում մարտի 10-ի և հունվարի 18-ի համաձայնությունները, շարունակելով հրադադարի խախտումները։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը վերահաստատել է, որ «մեկ պետություն, մեկ բանակ» սկզբունքի շրջանակում շարունակելու է աջակցել Սիրիայի տարածքային ամբողջականությանը, ահաբեկչության դեմ պայքարին և երկրի պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։

  • Կիսվել: