Թուրքիայի կառավարությունը կքննարկի Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայանալիք Նախարարների կաբինետի նիստի օրակարգում կընդգրկվեն Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման և դրա հետևանքների, ինչպես նաև Հորմուզի նեղուցում և համաշխարհային էներգետիկ շուկաներում տիրող իրավիճակի վերաբերյալ հարցեր։ Hurriyet-ը հայտնում է, որ նիստը տեղի կունենա մարտի 24-ին՝ Բեշթեփեի համալիրում։
Նիստում կգնահատվեն Իրանի կողմից իրականացված հրթիռակոծությունների հետ կապված ձեռնարկված միջոցառումները, որոնք հետ են մղվել Թուրքիայի օդային տարածքում։ Սպասվում է, որ կքննարկվեն ներկայիս պաշտպանական ենթակառուցվածքները և լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։
Թուրքիայի նախարարների կաբինետը կքննարկի Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը և համաշխարհային էներգամատակարարումների համար դրա հնարավոր փակման հետևանքները։ Կքննարկվեն լրացուցիչ քայլեր՝ ներքին շուկան նավթի համաշխարհային գների աճից պաշտպանելու և գնային կայունությունն ապահովելու ուղղությամբ։
Կաբինետի անդամներին նաև տեղեկատվություն կներկայացվի պատերազմի դադարեցման ուղղությամբ Թուրքիայի դիվանագիտական ջանքերի վերաբերյալ։ Մասնավորապես, կզեկուցվի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի գործունեության մասին, ով շրջայց է կատարել Պարսից ծոցի երկրներում՝ այցելելով Սաուդյան Արաբիա, Կատար և ԱՄԷ, ինչպես նաև հեռախոսազրույցներ է ունեցել իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի և այլ միջազգային գործընկերների հետ։


