երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
Թուրքիայի բանակը կարող է մի գիշեր գնալ այնտեղ. Էրդողանը սպառնացել է Սինջար մտնել

Թուրքիայի բանակը կարող է մի գիշեր գնալ այնտեղ. Էրդողանը սպառնացել է Սինջար մտնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է իրաքյան բանակի հետ Քուրդիստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) անդամների դեմ համատեղ գործողություն անցկացնել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար շրջանում, գրում է parstoday.com-ը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Խուլուսի Աքարն Իրաք կատարած այցի ժամանակ կողմ էր արտահայտվել Բաղդադի ու Էրբիլի համատեղ պայքարին Թուրքիայում արգելված ՔԱԿ-ի դեմ։

«Մենք պատրաստ ենք համատեղ (Իրաքի հետ) գործողություն իրականացնել Սինջարում։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա նման բաների մասին նախապես չեն խոսում», — ասել է Էրդողանը լրագրողների հետ զրույցում։

Նա ավելացրել է, որ թուրքական բանակը «կարող է մի գիշեր գնալ այնտեղ»։ Նա օգտագործել է նույն արտահայտությունը, որն արել էր 2019 թվականի հոկտեմբերին Սիրիայի հյուսիսում քրդական ձևավորումների դեմ Թուրքիայի ԶՈւ-ի «Խաղաղության աղբյուր» գործողությունից առաջ։

Թուրքական կողմի տվյալներով՝ 2015 թվականի հուլիսին Թուրքիայի ու ՔԱԿ-ի զինված հակամարտության վերսկսելուց հետո քուրդ ապստամբների հարձակումների հետևանքով մոտ հազար զինվորական ու ոստիկան է մահացել, նաև մոտ 500 քաղաքացիական անձ։ Իրաքի հյուսիսում գտնվում են ՔԱԿ-ի բազաները, որոնց դեմ Թուրքիայի ԶՈւ-ն օդային ու ցամաքային գործողություններ է անցկացնում՝ հինգ տարվա ընթացքում չեզոքացնելով ավելի քան 10 հազար ՔԱԿ անդամ։

  • Կիսվել: