շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թուրքիան մինչև 2050-ն էլեկտրաներգիայի առնվազն 20 տոկոսը կստանա միջուկային էներգիայից

Թուրքիան մինչև 2050-ն էլեկտրաներգիայի առնվազն 20 տոկոսը կստանա միջուկային էներգիայից

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը Ռուսաստանի Սոչի քաղաքում մասնակցում է միջազգային ATOMEXPO-2024 ֆորումին, գրում է ermenihaber.am-ը:

Ելույթ ունենալով՝ խոսել է հետևյալի մասին.

«Եթե ցանկանում ենք պայքարել գլոբալ տաքացման դեմ և հասնել ածխածնային չեզոքության նպատակներին, ապա ապագան պատկանում է միջուկային էներգետիկային։ Այս պայծառ ապագային հասնելու համար մենք պետք է մի կողմ դնենք գաղափարախոսական վեճերը և վերացնենք արհեստական խոչընդոտները, ինչպիսիք են առևտրային սահմանափակումներն ու ֆինանսական պատժամիջոցները»։

Անդրադառնալով Թուրքիայի Մերսին քաղաքում կառուցվող Աքքույու ատոմակայանի աշխատանքներին՝ Բայրաքթարը նշել է, որ այս պահի դրությամբ կառուցվում է 4 ռեակտոր և Թուրքիան նպատակ ունի 2035-ին այն հասցնել 7․2 ԳՎտ միջուկային հզորության, իսկ 2050-ին՝ 20ԳՎտ-ի։


«Եթե հաշվի առնենք, որ Աքքույուն 4․8 ԳՎտ է,դա նշանակում է, որ պետք է կառուցենք 4 ռեակտոր Սինոպում և 4 ռեակտոր Թրակիայում ու առաջիկա 20-30 տարում կկենտրոնանանք 5ԳՎտ հզորությամբ փոքր մոդուլային ռեակտորների վրա»,-նշել է նախարարը։

Նախարարի նշմամբ՝ Թուրքիան փոքր մոդուլային ռեակտորների ոլորտում ունի ներուժ և դա կարևոր է հատկապես ածխածնային չեզոքության անցնելու համար։

Բայրաքթարը, ով նշում է, որ միջուկային էներգիան ոչ միայն թրենդ է, այլև կարևոր է Թուրքիայի էներգետիկ անվտանգության և 2053 թվականին զուտ զրոյական արտանետումների նպատակին հասնելու համար, ասաց. «Այս պատճառով մենք կառուցում ենք Աքքույուն, բայց ցանկանում ենք զարգացնել մեր համագործակցությունը Ռոսատոմի հետ Սինոպի նախագծում»,-հայտնել է Բայրաքթարը։

Նախարարը նաև հավելել է, որ կան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Չինաստանը և Հարավային Կորեան, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել Թուրքիայի միջուկային շուկայում։


Ըստ նախարարի՝ Աքքույու ատոմակայանը կբավարարի Թուրքիայի էլեկտրաէներգիայի կարիքների 10%-ը, բայց առաջիկա գործընթացներում աճող պահանջարկի և այլ կառուցվելիք էլեկտրակայանների շնորհիվ մինչև 2050-ը Թուրքիան իր էլէներգիայի առնվազն 20%-ը կստանա միայն միջուկային էներգիայից։

 

  • Կիսվել: