չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Թուրքիան մեկնաբանել է Պուտինի՝ Թուրքիայում ամենամեծ գազային հանգույցը ստեղծելու վերաբերյալ հայտարարությունը

Թուրքիան մեկնաբանել է Պուտինի՝ Թուրքիայում ամենամեծ գազային հանգույցը ստեղծելու վերաբերյալ հայտարարությունը

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը մեկնաբանել է ՌԴ նախագահի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայում կարելի է ստեղծել բնական գազի ամենամեծ հանգույցը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք» գազատարով տարանցման կորցրած ծավալը կարելի է վերաուղղել դեպի Սև ծովի տարածաշրջան։ Դրա համար, ըստ նրա, հնարավոր է Թուրքիայում ստեղծել ամենամեծ գազային հանգույցը, որով կիրականացվեն մատակարարումները դեպի Եվրոպա։

««Հյուսիսային հոսք»-երի միջով Բալթիկ ծովի հատակով տարանցման կորցրած ծավալը կարող ենք նաև տեղափոխել դեպի Սև ծովի տարածաշրջան և այդպիսով դարձնել մեր վառելիքի, բնական գազի Եվրոպա մատակարարման հիմնական ուղիները Թուրքիայի տարածքով՝ Թուրքիայում ստեղծելով Եվրոպայի ամենամեծ գազային հանգույցը»,- ասել էր նա։ 

Դոնմեզն ասել է, որ Թուրքիայում բնական գազի հանգույցի ստեղծումը «տեխնիկապես հնարավոր է»։
«Միջազգային մասշտաբի նախագծերը պահանջում են տեխնիկական, առևտրային և իրավական զարգացում»,- պարզաբանել է թուրք նախարարը։

Դոնմեզը որպես օրինակ բերել է «Թուրքական հոսք» նախագիծը։

«Թուրքիայի համագործակցությունը Ռուսաստանի հետ առաջ է շարժվում տարբեր ոլորտներում, ոչ միայն էներգետիկայում։ Այս ամենը պահանջում է համակողմանի քննարկում ու վերլուծություն»,- ասել է թուրք նախարարը։

  • Կիսվել: