«Թուրքիան և Կիպրոսի թուրքերը Հյուսիսային Կիպրոսի օրինական տերերն» են. Էրդողան
Մայիսի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է իր երկրի քաղաքական և ռազմական հանձնառությունը Թուրքիայի կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսի նկատմամբ՝ Կիպրոսի բաժանված մայրաքաղաք Նիկոսիայի հյուսիսային մասում TEKNOFEST-ի մրցանակաբաշխության արարողության ժամանակ: Այս մասին տեղեկացնում է Kathimerini-ն։
Նշվում է, որ Էրդողանն ասել է, որ Թուրքիան և Կիպրոսի թուրքերը Հյուսիսային Կիպրոսի «օրինական տերերն» են: Նա խոստացել է, որ կղզում նրանց ներկայությունը կշարունակվի «դարերով»։
«Սա պարզապես տոն չէ, սա վճռորոշ քայլ է դեպի մեկ ազգի, միասնական սրտով երկու պետությունների ընդհանուր ապագան։ Նա, ով չգիտի, պետք է դա յուրացնի։ Նա, ով դա չի լսել, պետք է լսի»,-ասել է նա:
Էրդողանն ընդգծել է Թուրքիայի աճող պաշտպանական ներուժը՝ նշելով այնպիսի համակարգեր, ինչպիսիք են «Bayraktar Kizilelma» և «Anka-3» անօդաչու թռչող սարքերը, «KAAN» կործանիչները, «Hurjet» և «Hurkus» ինքնաթիռները, «Atak-2» ուղղաթիռը և TCG Anadolu դեսանտային նավը։
«Այժմ մենք մտնում ենք առաջատար եռյակի մեջ մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ։ Ձեր վստահության շնորհիվ մենք կկառուցենք ավելի ուժեղ Թուրքիա և ավելի բարգավաճ Հյուսիսային Կիպրոս», - ասել է նա՝ նկատի ունենալով հունական Կիպրոսի օկուպացված հյուսիսային մասը։
Նա նաև հայտարարել է տարածաշրջանը Թուրքիայի էներգահամակարգին միացնելու ծրագրերի մասին՝ ստորջրյա ջրատարի կառուցման ավելի վաղ նախագծին համապատասխան։
Նշենք, որ Կիպրոսը բաժանվել է 1974 թվականին, երբ Թուրքիան ներխուժեց նրա տարածք՝ Հունաստանի կողմից աջակցվող պետական հեղաշրջումից հետո։
Միայն Թուրքիան է ճանաչում կիպրոսի թուրքերի անկախության հռչակագիրը կղզու հյուսիսային մասում, որտեղ նա պահում է ավելի քան 35․000 զինծառայողի: