Թուրքիան և Եգիպտոսն Արևելյան Միջերկրականում ռազմածովային վարժանքներ կիրականացնեն
Թուրքիայի պաշտպանական նախարարության խոսնակ, ծովակալ Զեքի Աքթյուրքը շաբաթական ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ Թուրքիան և Եգիպտոսը սեպտեմբերի 22-26-ը կանցկացնեն «Bahr El Sadaka» (Բարեկամության ծով) հատուկ ռազմածովային վարժանքներ՝ նպատակ ունենալով ամրապնդել երկու երկրների համագործակցությունը Արևելյան Միջերկրականում, գրում է ermenihaber.am-ը:
Աքթյուրքը անդրադառնալով Թուրքիայի զինված ուժերի «հակաահաբեկչական» գործողություններին, նշել է, որ վերջին մեկ շաբաթում Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) մեկ անդամ հանձնվել է, իսկ սահմանային և սահմաններից դուրս իրականացված խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են վերջիններիս պատկանող մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք։
Խոսնակն անդրադարձել է նաև Իսրայելի հարձակումներին Գազայի վրա՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել և կանգնեցնել տարածաշրջանում տեղի ունեցող բռնությունները։


