հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թուրքիան արձագանքել է Երևանում Նեմեսիս գործողության մասնակիցների արձանի բացմանը

Թուրքիան արձագանքել է Երևանում Նեմեսիս գործողության մասնակիցների արձանի բացմանը

Թուրքիան արձագանքել է Երևանում Նեմեսիս գործողության մասնակիցների արձանի տեղադրմանը, խստորեն դատապարտելով այն։

Թուրքիայի ԱԳՆ–ն այն որակել է խայտառակ, նշելով, թե «հուշարձանի բացումը փառաբանում է արյունալի գործողությունը, որը ճանապարհ է բացել դեպի հրեշավոր ահաբեկչություններ»։ 

«Նման սադրիչ քայլերը, որոնք անհամատեղելի են Թուրքիայի և Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի ոգու հետ, որեւէ կերպ չեն նպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։ Ընդհակառակը, դրանք բացասաբար կանդրադառնան կարգավորման գործընթացի վրա»,– ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշենք, որ արձանը բացվել է Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում: Հեղինակը ճարտարապետ Տիգրան Բարսեղյանն է:

Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918 թվականի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:

  • Կիսվել: