երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրքական հրետանին սկսել է ինտենսիվ հրետակոծել Հալեպի ուղղությամբ

Թուրքական հրետանին սկսել է ինտենսիվ հրետակոծել Հալեպի ուղղությամբ

Թուրքական բանակը չորեքշաբթի ինտենսիվ կրակ է բացել Սիրիայի սահմանամերձ շրջանների ուղղությամբ։ Հրետակոծվում են Հալեպի նահանգի հյուսիսում գտնվող Ալ-Շեհբա թաղամասը և Այն ալ Արաբ քաղաքի շրջակայքը։ Բնակիչները սկսել են լքել իրենց տները:

Firat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փախստականների հոսքն աճում է նաև Հասեքեում։ Նահանգը նույնպես ենթարկվում է թուրքական զինված ուժերի հարձակմանը։ Դժել-Աղա շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով շարքից դուրս է եկել էլեկտրակայանը։ Վնասվել են նաև «Աուդա» հանքավայրի նավթային հարթակները:

Թուրքիայի իշխանությունները Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հայտարարել են Սիրիայի հյուսիսում և Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության թևի դեմ օդային գործողության մասին։ Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի խոսքով՝ ռմբակոծիչները ոչնչացրել են ահաբեկիչների թաքստոցները, բունկերները, քարանձավները, թունելներն ու պահեստները, ինչպես նաև շտաբը։ Երեքշաբթի գիշերը նա հայտարարել է 184 գրոհայինի ոչնչացման մասին։

Այդ ընթացքում Աստանայում կայացել է ռուսական պատվիրակության հանդիպումը թուրք գործընկերների հետ։ ՌԴ  ներկայացուցիչները փորձել են համոզել հանրապետության իշխանություններին հրաժարվել Սիրիայում լայնածավալ ցամաքային գործողություն իրականացնելուց։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
 

  • Կիսվել: