երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Թուրք դեսպանն արձագանքել է Պրահայում Աթաթուրքի արձանի տեղադրման մերժմանը

Թուրք դեսպանն արձագանքել է Պրահայում Աթաթուրքի արձանի տեղադրման մերժմանը

Չեխիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Էգեմեն Բաղըշն արձագանքել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանը Պրահայում տեղադրելու դիմումի մերժմանը:Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«‎Մուստաֆա Քեմալը բոլորիս ընդհանուր արժեքն է։ Գործընթացը դեռ ավարտված չէ։ Թուրքիայի և Չեխիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սկսվել են 1924 թվականին։ Պրահայում մեր դեսպանատունը բացվել է 1928-ին։ Դեսպանատանն Աթաթուրքի արձանը չկար։ Երկու տարի առաջ՝ նոյեմբերի 10-ին, Չեխիայում մեր դեսպանատան այգում բացեցինք Աթաթուրքի առաջին արձանը։ Մեր Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ մենք ցանկանում էինք Աթաթուրքի արձանն ունենալ դեսպանատան հարակից այգում։ Շրջանային վարչակազմի ղեկավարն ընդունեց դիմումը: Գտանք հովանավոր:  Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը դրական կարծիք հայտնեց։ Դրական կարծիք է ստացվել նաև կառավարության  ազգային անվտանգության հարցերով խորհրդականից»,- մանրամասնել է Բաղըշը։

Ըստ նրա՝ հարցը քննարկվել է թաղային խորհրդում և առաջիկայում պատրաստվում է հանդիպել  տվյալ շրջանի թաղապետի հետ։

«Մեր նպատակն է պահպանել հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակը։ Այստեղ հակաթուրքական լոբբիստական ուժեր կան. կա FETÖ, կա PKK, կան հայկական և հունական լոբբիներ… Մենք պայքարելու ենք բոլորի դեմ։ Թուրքական համայնքն այստեղ այնքան մեծ չէ, որքան Գերմանիայում կամ եվրոպական այլ երկրներում»։

  • Կիսվել: