Թրամփը զգուշացնում է՝ Իսրայելը կկորցնի ԱՄՆ-ի ողջ աջակցությունը, եթե բռնազավթի Արևմտյան ափը
Իսրայելը կկորցնի ԱՄՆ-ի ողջ աջակցությունը, եթե որոշի բռնազավթել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող տարածքները: Այս մասին Time ամսագրին տված հարցազրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը նրան մղի Արևմտյան ափը բռնակցելուն, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դա չի լինի, քանի որ ես խոսք եմ տվել արաբական երկրներին։ Իսրայելը կկորցնի ԱՄՆ-ի ողջ աջակցությունը, եթե դա տեղի ունենա»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերին Թրամփը հայտարարել էր, որ թույլ չի տա Իսրայելին բռնազավթել Հորդանան գետի արևմտյան ափը: Ավելի ուշ «Axios» պորտալը, վկայակոչելով գաղտնի մնալ ցանկացած իրազեկ աղբյուրին, պնդել էր, թե Սպիտակ տունը Նեթանյահուին հասկացրել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմի շարունակությունը միայն կուժեղացնի Իսրայելի մեկուսացումը:


