Թրամփը մտադիր է Ազգային գվարդիան տեղակայել Վաշինգտոնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է Ազգային գվարդիան տեղակայել Վաշինգտոնում և տեղական ոստիկանությունը դաշնային վերահսկողության ենթակայությանը հանձնել: Այս մասին տեղեկացնում է Bild-ը:
Նշվում է, որ, ըստ Թրամփի, այդ միջոցառումները նպատակ ունեն նվազեցնելու հանցագործությունը և վերացնելու անօթևանությունը ԱՄՆ մայրաքաղաքում:
«Այսօր Կոլումբիայի շրջանում ազատագրման օրն է, և մենք կվերադարձնենք մեր մայրաքաղաքը: Վաշինգտոնում սպանությունների մակարդակն ավելի բարձր է, քան Կոլումբիայի Բոգոտայում: Վերջին հինգ տարիների ընթացքում ավտոմեքենաների առևանգումների թիվը կրկնապատկվել է, իսկ ավտոմեքենաներով զինված առևանգումների թիվը՝ ավելի քան եռապատկվել»,-ասել է նա:
Բացի դրանից՝ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է պաշտպանել քաղաքը «հանցագործությունից, արյունահեղությունից, քաոսից, աղքատությունից և այլնից»: Այսօրվա մամուլի ասուլիսում նա ներկայացրել է աշխարհի տարբեր մայրաքաղաքներում սպանությունների մակարդակի աղյուսակը. Վաշինգտոնը մեծ տարբերությամբ հայտնվել է առաջին հորիզանականում:
Նշենք, որ Ազգային գվարդիան ԱՄՆ զինված ուժերի պահեստային ստորաբաժանում է: Այն գտնվում է նահանգների վերահսկողության տակ, բայց ազգային արտակարգ իրավիճակի դեպքում ԱՄՆ նախագահը կարող է ստանձնել հրամանատարությունը:


