Թրամփը մեկ ամսից կհայտնի՝ դեռ վստահու՞մ է Պուտինին, թե՞ ոչ
Այսօր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման մեկնարկից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ոիկրաինայի պայքարն «իսկապես հիասքանչ է»:
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ «այս պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ գործադրած ջանքերի» համար։
«Ես պարոն Թրամփին և նրա թիմին կպատմեմ, թե ինչ է կատարվում ռազմաճակատում։ Իհարկե, կխոսենք նաև պատերազմի ավարտի, անվտանգության երաշխիքների մասին։ Քննարկելու շատ հարցեր կան»,-ասել է նա և հավելել, որ երկրների ղեկավարները կքննարկեն, թե ինչպես կարելի է հասնել նրան, որ «որոշ եվրոպական երկրներ դադարեցնեն ռուսական գազի և նավթի գնումները»։
Իր հերթին ԱՄՆ նապագահը նշել է, որ կարծում է՝ ՆԱՏՕ-ի երկրները կարող են խոցել ռուսական ինքնաթիռները, եթե դրանք մուտք գործեն իրենց օդային տարածք։
Խոսելով այն մասին, թե արդյոք ինքը դեռ վստահու՞մ է Վլադիմիր Պուտինին՝ Թրամփն ասել է․ «Դրա մասին կխոսեմ մոտ մեկ ամսից»։
ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է․ «Ամենամեծ առաջընթացն այն է, որ Ռուսաստանի տնտեսությունը հիմա սարսափելի վիճակում է։ Ինչպես գիտեք՝ այն փլուզվում է։ Եվ, անկեղծ ասած, Ուկրաինան շատ լավ է կարողանում դիմակայել այդ հսկայական բանակին»։


