Թրամփը դեռ պատրաստ չէ հանդես գալ Վենսին ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրելու օգտին
Ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այժմ պատրաստ չէ հրապարակավ հանդես գալ ԱՄՆ գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսին 2028 թվականի ընտրություններում պետական բարձրագույն պաշտոնի թեկնածու առաջադրելու օգտին:
Թրամփն օգոստոսի 6-ին բացասական է պատասխանել այն հարցին, թե արդյոք կարելի է համարել, որ ինքն արդեն հանդես է եկել ընտրություններում Վենսի թեկնածության աջակցությամբ:
Մեկնաբանելով The Washington Post թերթի հրապարակումը, որում ասվում է, թե նա մասնավոր զրույցում Հանրապետական կուսակցության հովանավորներին հայտնել է Վենսին նախագահի թեկնածու տեսնելու ցանկության մասին, Թրամփն ընդգծել է. «Ոչ: Ես վերջերս եմ լսել այդ մասին: Կարծում եմ՝ նա հիանալի է, բայց այժմ չափազանց վաղ է անգամ մտածել այդ մասին»:
Խոսելով այն ժամանակվա մասին, թե երբ ինքը կդադարի լինել ԱՄՆ նախագահ, Թրամփը նշել է.
«Դա կարող է լինել դեռ բավականին ոչ շուտով: Ով գիտի: Բայց դա կարող է լինել նաև բավականին շուտով։ Ասում են, որ դեռ երկուսուկես տարի կա: Կտեսնենք», - հավելել է նա:
Օրենքով Թրամփի երկրորդ ժամկետը նախագահի պաշտոնում պետք է ավարտվի 2029 թվականի հունվարին: ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը, որն ընդունվել է 1951 թվականին, նախագահի պաշտոնավարումը սահմանափակում է երկու ժամկետով: Այնուամենայնիվ, ամերիկյան գործող առաջնորդը բազմիցս թույլ է տվել երրորդ ժամկետով վերընտրվելու ձգտելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Washington Post թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թրամփը մասնավոր զրույցում արդեն որոշել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պետք է դառնա Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու 2028 թվականի ընտրություններում։



