հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
The Telegraph-ը հրապարակել է Ուկրաինայի համար ԵՄ խաղաղության ծրագրի ամբողջական տեքստը

The Telegraph-ը հրապարակել է Ուկրաինայի համար ԵՄ խաղաղության ծրագրի ամբողջական տեքստը

Բրիտանական «The Telegraph թերթը հրապարակվել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման Եվրամիության ծրագրի ամբողջական տեքստը։

Ինչպես հաղորդվում է՝ այն պատրաստվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկին ի պատասխան և ներառում է 24 պահանջ։

Ըստ տեքստի՝ հակամարտության ավարտից հետո պետք է միջոցներ ստեղծվեն հուսալի խաղաղության և անվտանգության համար: Ռուսաստանն ու Ուկրաինան պարտավոր կլինեն պահպանել հրադադարի ռեժիմը, այդ թվում՝ երկնքում և ծովում։

Բացի դրանից, հստակեցվում է, որ Մոսկվան ու Կիևը պարտավոր են սկսել բանակցություններ իրավիճակի մոնիթորինգին երրորդ երկրների մասնակցության վերաբերյալ։ Հրադադարի ռեժիմին հետևելու են Ուկրաինայի դաշնակիցները՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։ Այս ամենը պետք է լինի, ինչպես նշվում է, հեռավար ձևաչափով, սակայն երկրներն իրավունք ունեն այդ նպատակների համար օգտագործել ԱԹՍ-ներ։ Կարևորվում է մեխանիզմի ստեղծումը, որի միջոցով կողմերը կզեկուցեն հրադադարի պահպանման մասին։

ԵՄ-ն պահանջել է, որ Մոսկվան Ուկրաինային հանձնի բոլոր «տեղահանված» երեխաներին, կողմերը ռազմագերիներին փոխանակելու են «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Խաղաղության ծրագրում նշվում է, որ Ռուսաստանը կազատի կալանքի տակ գտնվող բոլոր քաղաքացիական անձանց։

Նշվում է, որ կողմերը համաձայնության կգան շփման ներկայիս գծի վերաբերյալ միայն հրադադարից հետո: Ընդ որում՝ համաձայնությունից հետո կողմերը պարտավոր են դրանք ուժով չփոխել:

Ուկրաինային նաև կտրամադրվեն անվտանգության երաշխիքներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգներից, նման ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին: Կիևը կարող է դաշնակից ուժեր տեղակայել երկրում: Ուկրաինայի զինված ուժերը և պաշտպանական արդյունաբերությունը որևէ սահմանափակում չեն ունենա։

Փաստաթղթում նշվում է նաև, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին հնարավոր է միայն դաշինքի բոլոր անդամների համաձայնությամբ: ԵՄ-ն էլ առաջարկել է երկիրը ներառել իր կազմում: Ուկրաինան պարտավորվում է մնալ ոչ միջուկային պետություն և պահպանել Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը։

Եվրոպական ծրագրում նաև նշվում է, որ Ուկրաինան վերահսկողություն կհաստատի Զապորոժիեի ատոմակայանի և Կախովկայի հիդրոէլեկտրակայանի նկատմամբ: Կիևը, ինչպես խոստացել էր ԵՄ-ն, կկարողանա ֆինանսական փոխհատուցում պահանջել, «այդ թվում՝ ռուսական ակտիվներից»։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն էլ կմեղմացվեն միայն կայուն խաղաղության հասնելուց հետո։

  • Կիսվել: