Ճապոնիան շարունակում է ձգտել Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի կնքման. Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար
Ճապոնիայի կառավարությունը կշարունակի ձգտել՝ հասնելու «չորս հյուսիսային կղզիների» (Կուրիլյան կղզիների հարավային մասը-խմբ.) պատկանելության հարցի լուծման և Ռուսաստանի հետ հաշտության համաձայնագրի կնքման: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմաշա Հայաշին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել ճապոնառուսական հարաբերությունների ներկայիս վիճակը Կուրիլյան դեսանտային գործողության 80-ամյակի լույսի ներքո: «Ճապոնիայի կառավարությունը կշարունակի պահպանել այն դիրքորոշումը, որն ուղղված է չորս հյուսիսային կղզիների պատկանելության հարցի լուծմանը և հաշտության համաձայնագրի կնքմանը»,-ասել է նա։
Նշվում է նաևմ որ Հայաշին հերթական անգամ ընդունել է, որ Տոկիոյի և Մոսկվայի միջև հարաբերություններն այժմ «ծայրահեղ ծանր վիճակում» են գտնվում Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով:
Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարը նաև խոստացել է, որ Ճապոնիան կփորձի հասնել նրան, որ ռուսական կողմը վերականգնի Հարավային Կուրիլյան կղզիների նախկին ճապոնացի բնակիչների համար անայցագիր ուղևորություններն այդ տարածքներ՝ իրենց նախնիների շիրիմներին այցելելու համար:Անցյալ դարի կեսերից Մոսկվան և Տոկիոն բանակցություններ են վարում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով հաշտության համաձայնագիր մշակելու նպատակով:
Դրան հասնելու հիմնական խոչընդոտը մնում են տարաձայնությունները Կուրիլների հարավային մասի իրավունքների առնչությամբ: Պատերազմի ավարտից հետո ամբողջ կղզեխումբը միացվեց Խորհրդային Միությանը, սակայն Ճապոնիան վիճարկում է Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և մի շարք փոքր անմարդաբնակ կղզիների պատկանելությունը: Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳ նախարարությունը բազմիցս ընդգծել է, որ այդ տարածքների նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային իրավական ձևակերպում, կասկածի ենթակա չէ։


