երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եզակի պատմական հնարավորություն է ստեղծվել․ Բայրամով

Տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եզակի պատմական հնարավորություն է ստեղծվել․ Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը երկրում հավատարմագրված եվրոպական երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը ի թիվս այլ հարցերի քննարկել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության գործընթացի զարգացման հնարավոր հեռանկարները, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ հանդիպմանը Բայրամովը շեշտել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը բազմիցս տարբեր հարթակներում բարձրացրել է «իր ինքնիշխան տարածքներում անօրինական հայկական զինված կազմավորումների առկայության հարցը»։ Այս համատեքստում, Ադրբեջանի ԱԳ նախարարն ընդգծել է Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 19-20-ին իրականացված «օրինական հակաահաբեկչական միջոցառումների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահը երաշխավորելու է «Ղարաբաղի շրջանի բնակիչների անվտանգությունն ու լեզվամշակութային իրավունքները»։

Բայրամովը նաև հավելել է, որ «այն պահից ի վեր, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը վերականգել են իրենց անկախությունը, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եզակի պատմական հնարավորություն է ստեղծվել»։

  • Կիսվել: