շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թալիբները զինյալներ են ուղարկում Փանջշիր նահանգը գրավելու համար

Թալիբները զինյալներ են ուղարկում Փանջշիր նահանգը գրավելու համար

«Թալիբան» շարժումը հայտարարել է, որ պատրաստվում է գրավել Աֆղանստանի հյուսիս-արևելքում գտնվող Փանջշիր նահանգը: Այս շրջանը, որի բնակիչների ճնշող մեծամասնությունը էթնիկ տաջիկներ են, երկրի միակ տարածքն է, որը թալիբների վերահսկողության տակ չէ, գրում է ՏԱՍՍ-ը:

Սոցիալական ցանցերում «Թալիբանի» ներկայացուցիչները հայտնել են, որ զինյալներ են ուղարկել Փանջշիրի կիրճ, քանի որ «տեղական իշխանությունների ներկայացուցիչները հրաժարվել են այն խաղաղ ճանապարհով հանձնել»:

Փանջշիրում «Թալիբանի» դեմ դիմադրության շարժում սկսած առաջնորդ Ահմադ Մասուդն էլ հայտարարել է, որ պատրաստ է բանակցել ընդհանուր կառավարության ձևավորման շուրջ՝ առճակատումից խուսափելու համար: Միաժամանակ, նա հստակ հասկացրել է, որ իր վերահսկողության տակ գտնվող ուժերը կարող են զինված դիմադրություն ցուցաբերել թալիբներին:

Ավելի վաղ թալիբները մեծաթիվ ուժերով ճնշել էին դիմադրության մեկ այլ օջախ Բագլան շրջանում:

Ըստ աֆղանստանյան աղբյուրների՝ թալիբների ձեռքում է հայտնվել մեծ քանակությամբ զենք ու ռազմական տեխնիկա: Աֆղանստանի բանակը, բառացիորեն չդիմադրելով թալիբների հարձակմանը, նրանց է թողել տասնյակ թեթև զրահապատ մեքենաներ և բեռնատարներ և մեծ թվով սպառազինություն, բայց ամենաարժեքավորը մարտական ինքնաթիռներն են:

Տեղեկություն չկա, թե քանի ինքնաթիռ և ուղղաթիռ այժմ ունեն թալիբները, քանի որ չի բացառվում, որ աֆղանական ուժերը նահանջի ժամանակ ոչնչացրել են դրանց մի մասը: Հայտնի է նաև, որ մի շարք զինվորականներ ինքնաթիռներով և ուղղաթիռներով հեռացել են երկրից՝ փորձելով ապաստան գտնել հարևան երկրներում:

Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ թալիբներն ունեն բավարար օդուժ տարածաշրջանում ռազմական գործողություններ իրականացնելու համար: Փորձագետների համար դեռ անորոշ է՝ թալիբները կգտնե՞ն անձնակազմ ավիացիան սպասարկելու համար, իսկ որ ամենակարևորն է, արդյո՞ք կկարողանան դրանք օդ կբարձրացնել:

Քաբուլի օդանավակայանի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Երկուշաբթի առավոտյան տեղի է ունեցել հրաձգություն Աֆղանստանի անվտանգության ուժերի և անհայտ անձանց միջև, զոհվել է անվտանգության մեկ աֆղանստանցի սպա, երեքը՝ վիրավորվել:

Ըստ տեղեկությունների՝ փոխհրաձգությանը մասնակցել են նաև գերմանացի և ամերիկացի զինծառայողներ, նրանցից շրջանում տուժածներ չկան:

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ շարունակվում է Աֆղանստանից ԱՄՆ և դաշնակից երկրների քաղաքացիների, ինչպես նաև նրանց հետ համագործակցած աֆղանստանցիների տարհանումը:

Հուլիսի սկզբից Աֆղանստանից տարհանվել է շուրջ 33 հազար մարդ, որից շուրջ 28 հազարը՝ օգոստոսի 14-ից հետո:

  • Կիսվել: