Թաիլանդում և Մալայզիայում հեղեղումներն ավերածություններ են գործել, կան զոհեր
Թաիլանդի հարավում եւ Մալայզիայի հյուսիսում տեղի են ունեցել վերջին տասնամյակների ամենաուժեղ հեղեղումները: Ըստ տեղի իշխանությունների՝ զոհերի թիվը հասել է առնվազն 12-ի, տեղեկացնում է Reuters-ը։
Նշվում է, որ տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են վերջին երեք օրում ջրի մակարդակի բարձրացման պատճառով։
Տարերային աղետների կանխման եւ դրանց հետեւանքների մեղմման նախարարությունից հայտնել են, որ Թաիլանդի հարավում հեղեղումները վնասել են 534 000 տնային տնտեսությունների, հազարավոր մարդիկ հանգրվանել են ժամանակավոր ապաստարաններում, զոհվել է 9 մարդ:
Հարեւան Մալայզիայում հեղեղումները վնասել են մյոտ 139 000 մարդու ինը նահանգներում, ինչի հետեւանքով, Տարերային աղետների կառավարման ազգային կենտրոնի տվյալներով, ուրբաթ օրվանից զոհվել է երեք մարդ։
Թաիլանդի օդերեւութաբանական վարչությունը նախազգուշացրել է նոր հեղեղումների մասին, իսկ հարեւան Ֆիլիպիններում տեղի է ունեցել վեց թայֆուն՝ դառնալով զանգվածային ավերածությունների պատճառ: