շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սպիտակ տունը կոչ է արել ԱՄՆ-ի քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը

Սպիտակ տունը կոչ է արել ԱՄՆ-ի քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը

ԱՄՆ-ի վարչակազմը Ռուսաստանի Դաշնությունում The Wall Street Journal (WSJ) թերթի թղթակից Էվան Գերշկովիչին ձերբակալելուց հետո կոչ է արել համաքաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը։ Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռի տարածած հայտարարությունում:

«Մեզ խորապես անհանգստացնում են այն մտահոգիչ հաղորդումները, որ ԱՄՆ քաղաքացի Էվան Գերշկովիչը ձերբակալվել է Ռուսաստանում: Ամերիկայի քաղաքացիների թիրախավորումը ՌԴ կառավարության կողմից անընդունելի է: Մենք խստագույնս դատապարտում ենք պարոն Գերշկովիչի ձերբակալությունը», - հայտարարել է Կարին Ժան Պիեռը:

Նա հավելել է, որ Վաշինգտոնը նաև դատապարտում է Ռուսաստանի կառավարության կողմից լրագրողների և մամուլի ազատության շարունակական ճնշումները:

«Ուզում եմ խստորեն կրկնել, որ ամերիկացիները պետք է հետևեն ԱՄՆ կառավարության նախազգուշացմանը՝ չուղևորվել Ռուսաստան: ԱՄՆ այն քաղաքացիները, որոնք բնակվում են Ռուսաստանում կամ ճանապարհորդում են այնտեղ, պետք է անհապաղ հեռանան, ինչպես շարունակում է խորհուրդ տալ պետքարտուղարությունը», - եզրափակել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

 

 

  • Կիսվել: