Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ դեմ է Ուկրաինայի կարիքների համար ռուսաստանյան սառեցված ակտիվների օգտագործմանը
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ դեմ է, որ Ուկրաինայի ֆինանսավորման համար օգտագործվեն ռուսաստանյան սառեցված ակտիվները: Այս մասին տեղեկացնում է SME-ն։
Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Ես հրաժարվում եմ, որ Սլովակիան մասնակցի որևէ ֆինանսական սխեմայի, որը պետք է օգնի Ուկրաինային հաղթահարել պատերազմն ու ռազմական կարիքները»։
Սլովակիայի վարչապետն ասել է, որ դեմ է նաև մոտ 140 միլիարդ եվրոյի չափով սառեցված ռուսաստանյան ակտիվների բռնագրավման գաղափարին։
«Մեզ հսկայական քանակության միջազգային դատական հայցեր կներկայացվեն»,-- նշել է Ֆիցոն՝ հավելելով, որ Ռուսաստանը կարող է պատասխան քայլով բռնագրավել եվրոպական պետություններին պատկանող շենքերը կամ նավերը։
Սլովակիայի վարչապետը, սակայն, միևնույն ժամանակ ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Ուկրաինային բժշկության և ականազերծման ոլորտներում, սակայն չի ֆինանսավորի նրա ռազմական կարիքները։
«Ուկրաինային մահաբեր զենքի անվճար փոխանցում չի լինի»,-ասել է նա և հավելել, որ ռազմամթերքի վաճառքը, այնուամենայնիվ, կշարունակվի:


