շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սիրիայում գնդակոծված թուրք զինվորները եղել են ահաբեկիչների թվում. ՌԴ ՊՆ

Սիրիայում գնդակոծված թուրք զինվորները եղել են ահաբեկիչների թվում. ՌԴ ՊՆ

Սիրիայի Իդլիբի նահանգում կառավարական ուժերի գնդակոծման տակ հայտնված թուրք զինվորները չպետք է այնտեղ գտնվեին:  Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ըստ նախարարության տվյալների՝ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական խմբավորման զինյալները սիրիական բանակի դիրքերի վրա հարձակման փորձ են ձեռնարկել Բեհուն բնակավայրի շրջանում: Սիրիական զորքերը պատասխան հարված են հասցրել, որին ենթարկվել են նաեւ «ահաբեկչական կազմավորումների մարտական շարքերում գտնվող» թուրք զինծառայողները: Մինչդեռ, թուրքական կողմի տվյալների համաձայն, այդ շրջանում թուրքական բանակի ոչ մի ստորաբաժանում չկար եւ չպետք է լիներ, ընդգծել են պաշտպանության նախարարությունում:

Նշվում է, որ տուժած թուրք զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո ռուսական կողմը միջոցներ է ձեռնարկել կրակը դադարեցնելու համար եւ ապահովել է զոհվածների ու վիրավորվածների տարհանումը Թուրքիայի տարածք:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք,  Սիրիայի Իդլիբի նահանգում ավիահարվածի հետեւանքով առնվազն 33 թուրք զինծառայող է զոհվել: Թուրքիայի նախագահի աշխատակազմին կից հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Ֆահրեթին Ալթունը հայտնել է, որ ի պատասխան Իդլիբում հասցված հարվածի, թուրքական զորքերը, ինչպես օդուժն, այնպես Էլ ցամաքային ուժերը, կրակ են բացել սիրիական ռեժիմի «բոլոր հայտնի» թիրախների վրա:

  • Կիսվել: