Սիրիայի կառավարությունն ու քրդական ուժերը համապարփակ համաձայնության է եկել. աղբյուր
Սիրիայի կառավարությունը երեկ՝ հունվարի 30-ին, հայտարարել է, որ քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) հետ համապարփակ համաձայնության է եկել, ինչը ենթադրում է հրադադար և ՍԴՈւ-ի փուլային ռազմական ու վարչական ինտեգրում: Այս մասին տեղեկացնում է Sana-ն։
Նշվում է, որ կառավարական աղբյուրը սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքին հայտնել է, որ համաձայնությունը նախատեսում է զինված ուժերի դուրսբերում շփման կետերից և Սիրիայի ներքին գործերի նախարարության անվտանգության ուժերի մուտք Հասակա և Կամիշլի քաղաքների կենտրոններ։
Աղբյուրը հայտնել է, որ գործարքը նախատեսում է նաև ՍԴՈւ-ի երեք բրիգադներից կազմված ռազմական ստորաբաժանման ձևավորում՝ ի հավելումն Քոբանիի (Այն էլ-Արաբ) ուժերի բրիգադի, որը կլինի Հալեպի նահանգի հետ կապված ստորաբաժանման կազմում։
Բացի դրանից՝ ՍԴՈւ-ի ռազմական և անվտանգության ուժերի ինտեգրումն իրականացվելու է անհատական հիմունքներով՝ բրիգադների շրջանակում։ Միևնույն ժամանակ պետությունն իր ձեռքը կվերցնի բոլոր քաղաքացիական ու կառավարական հաստատությունների, ինչպես նաև սահմանային անցակետերի և մուտքի կետերի լիակատար վերահսկողությունը՝ երաշխավորելով, որ երկրի ոչ մի հատված դուրս չի մնա իր իշխանությունից։
Համաձայնությունը, ըստ աղբյուրի, նախատեսում է նաև ինքնավար վարչական հաստատությունների ինտեգրում Սիրիայի պետական հաստատություններին՝ պահպանելով քաղաքացիական ծառայողներին։ Այն ներառում է միջոցներ՝ քրդական համայնքի քաղաքացիական և կրթական իրավունքներն ապահովելու համար և երաշխավորում է տեղահանված անձանց վերադարձն իրենց բնակավայրեր։
Համաձայնությունն ուղղված է «սիրիական տարածքի միավորմանը, օրենքի գերակայության ապահովմանը և տարածաշրջանում լիակատար ինտեգրմանը՝ համապատասխան կողմերի միջև համագործակցության ընդլայնման և երկրի վերականգնմանն ուղղված համակարգված ջանքերի միջոցով»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 20-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր քառօրյա հրադադարի մասին՝ ՍԴՈւ-ի հետ համաձայնությանը համապատասխան, որը հետագայում՝ հունվարի 24-ին, երկարաձգվել էր 15 օրով։
Հունվարի 18-ին Սիրիայի նախագահ Ահմադ աշ-Շարաան ստորագրել է հրադադարի և պետական հաստատություններում ՍԴՈւ-ի լիակատար ինտեգրման մասին համաձայնագիրը։


