կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Շվեդիան Ուկրաինային 63 մլն եվրոյի օգնություն կհատկացնի

Շվեդիան Ուկրաինային 63 մլն եվրոյի օգնություն կհատկացնի

Շվեդիայի կառավարությունն Ուկրաինային 63 միլիոն եվրո կհատկացնի, որը կուղղվի երկրի պաշտպանական արդյունաբերության աջակցությանն ու զինված ուժերի կարիքներին: Այս մասին հայտնել է Շվեդիայի պաշտպանության նախարարությունը։

Ըստ գերատեսչության՝ այդ միջոցներից 20 միլիոնը պլանավորված է «Ուկրաինայի արդյունաբերական բազայի աջակցության համար», 43 միլիոնը՝ «որպես ֆինանսական աջակցություն մի շարք բազմակողմ նախաձեռնություններին՝ Ուկրաինայի զինված ուժերին արագ և արդյունավետ աջակցություն ցուցաբերելու նպատակով»։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ օգնությունն ուկրաինական արդյունաբերական բազային լրացուցիչ հնարավորություններ կբացի ուկրաինական և եվրոպական պաշտպանական ձեռնարկությունների համագործակցության համար, նորարարական լուծումների համատեղ մշակման համար, որոնք անմիջականորեն փորձարկվել են ռազմի դաշտում, ինչպես նաև պաշտպանական տեխնիկայի արտադրության և սպասարկման ոլորտում Ուկրաինայի ներուժի մեծացման համար։

43 միլիոն եվրոյի օգնությունը նախատեսում է «օդ-օդ» դասի հրթիռների գնում F-16 կործանիչների օգտագործման ուկրաինական ծրագրի համար, ուկրաինական ծովային հետևակայինների ուսուցում, ականազերծման սարքավորումների և կապի միջոցների մատակարարումներ։

 

  • Կիսվել: