Շրի Լանկայի օդանավակայանում 22 բուդդայական վանական է ձերբակալվել՝ ավելի քան 110 կիլոգրամ թմրանյութ տեղափոխելու կասկածանքով
«Բանդարանաիկե» միջազգային օդանավակայանում Շրի Լանկայի ոստիկանության թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի աշխատակիցները ձերբակալել են 22 բուդդայական վանականի՝ ավելի քան 110 կիլոգրամ թմրանյութ տեղափոխելու կասկածանքով, տեղեկացնում է Daily Mirror-ը։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Ոստիկանության աշխատակիցները զննել են ուղեբեռը և թաքստոցներում հայտնաբերել մոտ 112 կիլոգրամ թմրանյութ, որի շուկայական ենթադրյալ արժեքը գերազանցում է 1,1 միլիարդ ռուփին»:
Հստակեցվում է, որ խոսքը կանեփի և հաշիշի մասին է։
Նշվում է նաև, որ Թաիլանդից ժամանած վանականների ձերբակալությունը տեղի է ունեցել ապրիլի 25-ի երեկոյան, իսկ արդեն հաջորդ օրը կասկածյալները տեղափոխվել են Արևմտյան նահանգի Նեգոմբո շրջանի դատարան, որը որոշել է նրանց կալանքի տակ պահել յոթ օր՝ հարցաքննելու համար։
Քննության նյութերի համաձայն՝ գործողությունը համակարգել են Ջամբուրալիա շրջանի տաճարի երեք վանականներ, սոցցանցերի միջոցով նրանք հավաքագրել են խմբի մյուս 19 անդամներին։


