Շոլցը բացել է ճամպրուկի գաղտնիքը, որով եկել է Կիեւ
Սոցցանցերի օգտատերերը եւ լրագրողներն ուշադրություն էին դարձրել այն բանին, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Կիեւ է եկել Rimowa մակնիշի արծաթավուն ճամպրուկով, եւ սկսել են մտածել, թե ինչ կարող է լինել դրանում։
Սոցցանցերում բազմաթիվ կատակներ են արվել։ Ինչպես նշել է NTV հեռուստաալիքը, ոմանք ենթադրել են, որ դրանում սուրճով թերմոս է եւ բուտերբրոդներ։ Մյուսները կատակել են, որ ճամպրուկում զենքեր են Ուկրաինայի համար՝ 650 մլն եվրո արժողությամբ, որոնց առաքման մասին ավելի վաղ հայտնել էր կանցլերը, կամ էլ պարզապես սեւ պորտֆել, որը Շոլցը սիրում է կրել իր հետ։ Օգտատերերը նաեւ չեն բացառել, որ կանցլերն իր հետ դատարկ ճամպրուկ է բերել, որպեսզի ինչ-որ բան վերցնի Կիեւից։
Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում լրագրողուհիներից մեկը Շոլցին հարցրել է, թե ինչ կա ճամպրուկում։ «Որքա՞ն մանրամասն եք ցանկանում իմանալ»,- հարցրել է կանցլերն ի պատասխան եւ ասել, որ «մեծ մասամբ խոսքը ճամփորդական իրերի մասին է, ներքնազգեստի եւ էլի մի քանի բաների, որոնք պետք են»։