ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սեուլը եւ Փհենյանը հրթիռներ են արձակել

Սեուլը եւ Փհենյանը հրթիռներ են արձակել

Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել, որն ընկել է Հարավային Կորեայի ափից 60 կիլոմետր հեռու, Սեուլը պատասխանել է սեփական հրթիռների արձակմամբ, նշել են պաշտոնատար անձինք։

Հրիթռն ընկել է Հարավային Կորեայի տարածքային ջրերի սահմաններից դուրս, բայց հյուսիսային սահմանազատիչ գծից (NLL)՝ վիճելի ծովային տարածքից հարավ։ Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը սա անվանել է «տարածքային ներխուժման արդյունավետ գործողություն», տեղեկացրել է Reuters-ը։

Հարավկորեական ռազմական ինքնաթիռները, ի պատասխան, «երկինք-երկիր» դասի երեք հրթիռ են արձակել NLL-ից հյուսիս, նշել են Հարավի զինվորականները։

Հարավից արված արձակումները կատարվել են այն բանից հետո, երբ նախագահը խոստացել է «արագ եւ վճռական պատասխան», որպեսզի Հյուսիսային Կորեան «վճարի սադրանքի դիմաց»։

Հյուսիսկորեական զենքը փոքր հեռահարության երեք բալիստիկ հրիթռներից մեկն էր, որն արձակվել է ծովում, հյուսիսկորեական Վոնսան ափամերձ շրջանից, նշել է Հարավային Կորեայի Շտաբների պետերի միավորված կոմիտեն (JCS)։ Ավելի ուշ, կոմիտեի տեղեկացմամբ, Հյուսիսային Կորեայի արեւելյան եւ արեւմտյան ափերից արձակվել է տարբեր տեսակների 10 հրթիռ։

Հրթիռներից առնվազն մեկն ընկել է NLL-ից 26 կիլոմետր հարավ, 57 կիլոմետր հարավկորեական Սոկչո քաղաքից հեռու եւ 167 կիլոմետր հեռու Ուլլին կղզուց, որտեղ հայտարարվել է օդային տագնապ։

Արձակումներն իրականացվել են այն բանից հետո, երբ Փհենյանը ԱՄՆ-ից եւ Հարավային Կորեայից պահանջել է դադարեցնել լայնածավալ զորավարժությունները՝ հայտարարելով, որ «նման ռազմական անխոհեմությունը եւ սադրանքն այլեւս անթույլատրելի են»։

Չնայած Հարավային Կորեան մեկ շաբաթով սուգ է հայտարարել Հելոուինի տոնակատարության ժամանակ ավելի քան 150 մարդու զոհվելու առնչությամբ, Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան երկուշաբթի սկսել են համատեղ ռազմաօդային խոշոր զորավարժություններ։ «Արթուն գրոհ» անունը կրող զորավարժություններին մասնակցում են երկու երկրների հարյուրավոր մարտական ինքնաթիռներ, որոնք մարզումներ են իրականացնում շուրջօրյա։

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ հրթիռների արձակումների շարքը եղել է դաշնակիցների զորավարժությունների պատասխանը։

Հյուսիսային Կորեայի կառավարող կուսակցության Կենտրոնական կոմիտեի քարտուղար Փակ Չոն Չոնը չորեքշաբթի հայտարարել է, որ մարտական ինքնաթիռների թիվն ապացուցում է, որ զորավարժություններն «ագրեսիվ եւ սադրիչ էին» եւ ուղղված էին կոնկրետ Հյուսիսային Կորեայի դեմ։ Նա ասել է, որ անգամ դրանց անվանումն է նմանակում ԱՄՆ-ի գլխավորությամբ իրականացված «Փոթորիկ անապատում» գործողությանն Իրաքի դեմ 1990-ականներին։ «Թշնամական ուժերի չմտածված գործողությունները ռազմական առճակատման լուրջ իրավիճակ են ստեղծել Կորեական թերակղզում»,- ասել է Փակն իր հայտարարությունում, որը տարածել է Կորեայի պետական տեղեկատվական գործակալությունը։

Հարավային Կորեայի զինվորականների ներկայացուցիչը հայտարարել է, որ իշխանություններն ուսումնասիրում են հրթիռների արձակումները, որպեսզի պարզեն՝ արդյոք հրթիռների թռիչքի հետագծերը եղել են միտումնավոր, թե՞ դրանք շեղվել են իրենց ուղեգծից։

Ճապոնիայի պաշտպանության նախարար Յուսուկազու Խամադան ասել է, որ, կառավարության կարծիքով, Հյուսիսային Կորեայի տարածքից արձակվել է առնվազն երկու բալիստիկ հրթիռ, մեկը՝ արեւելք, մյուսը՝ հարավ-արեւելք։

JCS-ի տվյալներով՝ հյուսիսկորեական բալիստիկ հրթիռն առաջին անգամ է ընկել հարավկորեական ջրերի մոտ։ «Մեր զինվորականները չեն հանդուրժի Հյուսիսային Կորեայի այս սադրիչ գործողությունները եւ կոշտ կարձագանքեն՝ Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի սերտ համագործակցությամբ»,- նշվել է Հարավային Կորեայի JCS-ի հաղորդագրությունում։

Խամադայի խոսքով՝ Հյուսիսային Կորեայի գործողությունները սպառնում են Ճապոնիայի, ողջ տարածաշրջանի, ինչպես նաեւ միջազգային հանրության կայունությանն ու խաղաղությանը եւ անընդունելի են։

Նա ավելացրել է, որ Ճապոնիան բողոք է ներկայացրել Պեկինում դիվանագիտական ճանապարհներով։

  • Կիսվել: