Սերբիան ՆԱՏՕ-ի ու ամերիկյան ուժերի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի. Վուչիչ
Մայիսին սերբական բանակը ՆԱՏՕ-ի ու ամերիկյան ուժերի համատեղ զորավարժություններ կանցկացնի: Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ Վուչիչը, երկրի նախարարների, զինված ուժերի հրամանատարության և պետական ձեռնարկությունների ղեկավարության ներկայությամբ ներկայացրել է «Սերբիա 2030» ազգային զարգացման ռազմավարությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ Սերբիան կշարունակի ռազմական չեզոքության պահպանումը։
«Մայիսին ՆԱՏՕ-ի և ամերիկացիների հետ զորավարժություններ կլինեն, և մենք կշարունակենք այլ դերակատարների և բոլորի հետ, քանի որ դա նպաստում է խաղաղության և կայունության պահպանմանը և մեր երկրի անվտանգության ապահովմանը։ Սակայն, պետք է հստակորեն նշել, որ Սերբիան եռանդուն կերպով պահպանում է իր ռազմական չեզոքությունը և լավ հարաբերություններ է կառուցում բոլորի հետ։ Մենք չենք կարող և երբեք չենք մոռանա 1999 թվականը (ՆԱՏՕ-ի կողմից Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի ռմբակոծումը-խմբ.), բայց կյանքը շարունակվում է, և մենք պատասխանատվություն ունենք»,-ասել է Սերբիայի նախագահը՝ ընդգծելով, որ խաղաղության պահպանումը Սերբիայի ազգային ռազմավարության գերակա խնդիրն է։
Հիշեցնենք, որ 2007 թվականին Սերբիայի խորհրդարանն ընդունել է պետության ռազմական չեզոքության մասին բանաձև, և նույն թվականին ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Սերբիայի Սկուպշտինայի (խորհրդարանի) պատվիրակությունը ստացել է ասոցացված անդամի կարգավիճակ։


